Գյումրիում ամեն քայլափոխի հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու ֆոնին վերջապես գտնվել է մեկ գործարար, որը ցանկություն է հայտնել այս քաղաքում գործարան հիմնելու։
Գործարարը Ռուսաստանի Դաշնությունում է գործունեություն ծավալում, և եթե նրա ծրագիրն իրականություն դառնա, ապա նման գործարան Հայաստանում կհմնվի առաջին անգամ։
Խոսքն աղբի վերամշակման գործարանի մասին է։ Այդ ծրագրի իրականություն դառնալու դեպքում գրեթե աշխատաշուկա չունեցող այս քաղաքում կստեղծվի մոտ 100 աշխատատեղ։
Այս մասին Aravot.am-ին ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ մանրամասնելով, որ գործարանը կլինի էկոլոգիապես անվտանգ, աղբը կվերամշակվի առանց թափոնների։ Այն կլուծի նաև քաղաքի աղբահանության խնդիրը։
Կարդացեք նաև
Գյումրիում նման գործարան կառուցելու ցանկություն հայտնել է «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությունը, որն աղբի մշակման գործող գործարան ունի Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանում, ինչպես արդեն նշեցինք, հիմնում է առաջին անգամ։
Գործարանը մտադիր են կառուցել քաղաքի աղբադաշտի ու ծայրամասային թաղամասերից մեկի՝ Բուլվարայինի արանքում՝ 2 հա մակերեսով հողամասում։
Քանի որ այս քաղաքում գործարաններ, արտադրամասեր հիմնելու ծրագրերը միշտ հօդս են ցնդում, մենք ճարտարապետից հետաքրքրվեցինք՝ ռեա՞լ է այս ծրագիրը։
Գլխավոր ճարտարապետը չշտապեց հաստատել, փոխարենը նշեց, որ նոր են քննարկել, ավագանին նախնական համաձայնություն տվել է, հիմա նոր սկսվելու են նախագծման ու մյուս փուլերը։ Այդ ընթացքում էլ կհստակեցվի թե՛ ներդրումների չափը և թե՛ աշխատատեղերի քանակը։
Գյումրու համայքնապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախօրեին հյուրընկալել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանին, ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Վահագն Մուղնեցյանին, ինչպես նաև «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին՝ ընկերության տնօրեն Միխաիլ Բադինի գլխավորությամբ։
Քննարկել են «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերության կողմից Գյումրի քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման, փաստաթղթային ու նախագծային աշխատանքներին վերաբերող մանրամասներ:
«Ծրագրի հաջող իրականացման արդյունքում Գյումրու աղբադաշտին կից կկառուցվի աղբի վերամշակման գործարան: Ներդրումային ծրագրի արժեքը՝ 4-4.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հույսը վերջինն է մեռնում, բայց նախ և առաջ թող մեռնի նիկոլական ժամանակներում արտադրություններ հիմնելու մասին շուստրի խաբեբայությունը, մետրոյի նոր կայարան կառուցելու մասին պրիմիտիվ սուտասանությունը և թուրքին զիջումներ անելու խեղճությունն ու անդեմությունը։