Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի երեք ծանրորդներից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Մեր մարզիկը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ, սակայն այնուհետեւ չկարողացով «սանձել» 175 կգ-ն։ Անդրանիկը երրորդ մոտեցման համար ծանրաձողի քաշը բարձրացրեց եւս երկու կգ-ով ու պահեց գլխավերեւում, սակայն մրցավարները նրա կատարման մեջ խոտան նկատեցին ու մոտեցումը չհաշվեցին։
Օլիմպիական խաղերում, ի տարբերություն աշխարհի ու մայրցամաքային առաջնությունների, մեդալային պայքարն ընթանում է միայն երկամարտում։ Այնպես որ, մեր ծանրորդը այս վարժությունում ցույց տված 5-րդ արդյունքով հայտնվեց շատ բարդ իրավիճակում, առավել եւս, որ հրում վարժությունը նրա նախասիրած ձեւը չէ։
Ինչեւէ, Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում կարողացավ ֆիքսել 200 կգ արդյունք եւ երկամարտի 370 կգ-ով 12 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 7-րդ տեղում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ