Fip.am. Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ռուսական պաշտոնական աղբյուրների ու ռազմական տարբեր թղթակիցների հաղորդումները և պարզել, որ պաշտոնական աղբյուրները հակասական, հաճախ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում Կուրսկի մարզում կատարվողի, ստեղծված իրավիճակի և հարձակման ուժգնության մասին։
Չնայած դեռևս օգոստոսի 6-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հետ են մղել զինված հարձակման փորձ իրականացրած ուկրաինացիներին, սակայն արդեն երեք օր է՝ թեժ մարտերը շարունակվում են։
Օգոստոսի 6-ին առավոտյան, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական 300 հոգանոց խումբը փորձել է անցնել Կուրսկի սահմանը, սակայն ռուսական զինված ուժերի հակահարվածի հետևանքով հետ են մղվել։
Կարդացեք նաև
Ռազմական լրագրողների վերլուծությունը
Իսրայելցի ռազմական լրագրող, փորձագետ Սերգեյ Աուսլենդերը անակնկալ է համարել ուկրաինական զինված ուժերի ներխուժումը Կուրսկ և փորձել վերլուծել ՌԴ ՊՆ հայտարարությունը։ «Ռուսական զորքերը դեռ չեն կարողանում զսպել ուկրաինական զինված ուժերին։ Եթե հավատանք ՌԴ ՊՆ հայտարարությանը, ինչը խորհուրդ չէի տա, ապա կարելի է մտածել, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը, որը անցել է Կուրսկի սահմանը, ոչնչացվել է, շրջափակվել, ապա հետ մղվել ուկրաինական տարածք։ Չգիտես՝ ինչպես մեկ տեղում ներառվել են իրար բացառող 3 գործողություններ», -վերլուծել է ռազմական լրագրողը։
Այդուհանդերձ, չնայած ուկրաինական զինված ուժերին հետ մղելու մասին ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, օգոստոսի 7-ին արդեն հայտնի է դարձել, որ ուկրաինական զինված ուժերը հասել են մինչև Սուջա քաղաք, որը Կուրսկի մարզկենտրոնն է համարվում։ «Այս պատերազմի ամբողջ ընթացքում նման ճեղքում չէր եղել», -եզրակացրել է Աուսլենդերը։
Ռուս պաշտոնյաների լավատեսությունը, ըստ իրենց հաղորդումների, չէին կիսում կառավարական այսպես կոչված Z-բլոգերները։ Օգոստոսի 7-ին ավելի ուշ ամփոփելով ռազմական գործողությունները, ՌԴ ՊՆ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը գրել էր, որ ուկրաինական ուժերը գրավել են Սուջայի արևմտյան հատվածը, Սուջայի և Կորոնևսկի շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Բնակչության տարհանման մասին տեղեկությունները իրարամերժ են
Շուրջ 5000 բնակչություն ունեցող Սուջա քաղաքից մարդկանց տարհանման մասին տեղեկություններն իրարամերժ են․ ռուսական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, թե օգոստոսի 6-ից մարդկանց տարհանում է իրականացվում, սակայն բնակիչները հակառակն են պնդում․ «Ոչ ոք մեզ չի նախազգուշացրել, տարհանում չկա, մարդիկ փախչում են անտառների միջով»։
Սուջայի քաղաքապետ Վիտալի Սլաշյովը լրատվամիջոցներին ասել է, որ բնակչության տարհանում է իրականացվում ու հավելել․ «Ամեն ինչ լավ է, իրականացվում է տարհանում»։
Սակայն բնակիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց օգնելու խնդրանքով:
Ի դեպ, բնակիչներն ասել են, որ Սուջայի Մալայա Լոկնյա գյուղի 90 տոկոսը ուկրաինացիների տիրապետության տակ է և Պուտինին հորդորել են չհավատալ իրեն մատուցվող տեղեկություններին․ «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, ասեք ձեր ենթականերին, որոնք ինֆորմացիայի տարածման պատասխանատու են, թող չստեն, թող մատուցեն ճշմարիտ տեղեկություն։ Սուջայի գյուղերում մարդիկ են մնացել, ոչ մի տարհանում չի իրականացվում, կապի միջոց չունեն»։
Օգոստոսի 9-ին արդեն հայտնի դարձավ, որ Կուրսկում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը յուրաքանչյուրին կտրամադրվի 10 հազարական ռուբլի օգնություն։
Հասմիկ Համբարձումյան
Արփինե Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: