AM-ի փաստաբանի ջանքերով Ռուբեն Հախվերդյանի ձայնագրությունների նկատմամբ իրավունքները տարիներ անց վերադարձվեցին հեղինակին
AM իրավաբանական ընկերության փաստաբան, հաշտարար Վանիկ Մարգարյանը, 2023 թվականին մասնակցելով ՀԲԸՄ կողմից կազմակերպված «Մտավոր սեփականությունը մշակույթի ոլորտում» աշխատաժողովին, Ռուբեն Հախվերդյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել էր վերջինիս հանրահայտ մի շարք ձայնագրությունների նկատմամբ իրավունքների հետ կապված խնդրին, ինչի հետևանքով մեծանուն հայ երգիչն ու հեղինակը հնարավորություն չուներ առցանց հարթակներում (Spotify, Apple music և այլ) տեղադրել իր իսկ երգերը։
Արդյունքում պարզվել էր, որ 1990-ականներին Ռուբեն Հախվերդյանը իր ձայնասկավառակները ԱՄՆ-ում վաճառելու նպատակով անգլերեն լեզվով փաստաթուղթ էր ստորագրել՝ չտեղեկանալով, որ այդ փաստաթղթի համաձայն ձայնագրությունների նկատմամբ բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապագայում հնարավոր օգտագործման եղանակներով, փոխանցվում են ձայնագրությունների վաճառքով զբաղվող ընկերությանը և այդ ընկերությունն իր անունով էր գրանցել իրավունքները ԱՄՆ-ում։
Կարդացեք նաև
AM իրավաբանական ընկերության «Pro bono» ծրագրի շրջանակներում Վանիկ Մարգարյանն անվճար ստանձնեց Ռուբեն Հախվերդյանի շահերի պաշտպանությունը՝ բանակցություններ սկսելով իրավունքներն իր անվամբ գրանցած ամերիկյան ընկերության հետ։ Երկարատև իրավական գրագրության ու բանակցությունների արդյունքում ստորագրվեց համաձայնագիր, որով ձայնագրությունների նկատմամբ իրավունքները վերադարձվեցին Ռուբեն Հախվերդյանին, ներառյալ հանրահայտ «Ճակատագիր» (1994), «Կեսգիշեր» (1997), «Սա Երևանն է» (1997) ալբոմները։
Մամուլի հաղորդագրություն