Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ սա չի տարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ, բայց գոնե մեր մյուս ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր կլինի ապահովել»․ Սիրանուշ Սահակյան

Օգոստոս 09,2024 17:40

«COP 29 համաժողովը լավ առիթ է, հավելեմ, որ այն արդեն իսկ գործոն է ծառայել որոշակի թվով ռազմագերիների վերադարձի համար։ Չմոռանանք, որ 32 գերիների ազատ արձակման ոչ հրապարակային, բայց իրական պայմաններից մեկը եղել է հայտնի հրաժարման և աջակցության համար ազատ արձակումը, իսկ այդ աջակցությունը կապված է եղել համաժողովի միջոցառման անցկացման երկրի ընտրության հետ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ COP 29 համաժողովը հարմար առիթ չէ՞ կրկին ակտիվացնելու հայ ռազմագերիների ազատ արձակման թեման, այսպես պատասխանեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն տեղեկատվական արշավ է սկսել, որի հիմնանպատակը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP 29) ընդառաջ միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի հանդեպ Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության բացահայտումն է և դրա զոհերի շահերի պաշտպանությունը։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ այդ միջոցառումն իրապես մեծ կարեւորություն ունի Ադրբեջանի համար, և դրա շրջանակներում պետք է որոշ մարդասիրական խնդիրների լուծմանը հասնենք թե′ պետական, թե′ հասարակական ջանքերի ներգրավմամբ։

Սիրանուշ Սահակյանն ասաց՝ դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տեղեկատվական արշավից զատ կան նաև այլ հրապարակային արշավներ, որոնք իրականացվում են լրագրողների, բլոգերների ներգրավմամբ․ «Ուղերձը հստակ և տեղին է այստեղ, ընդամենը դրա տարածմանը պետք է նպաստենք։ Նման միջոցառման անցկացումը պատիվ է այն երկրների համար, որտեղ հյուրընկալվում են և ինքնին մեծ է հյուրընկալ պետության պատասխանատվությունն այդ արժեքների նկատմամբ»։

Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ քանի որ Ադրբեջանն առհասարակ ունի մարդու իրավունքների առումով ցածր վարկանիշ, բայց նման պայմաններում դարձել է այդ խոշորամասշտաբ միջոցառման հյուրընկալող երկիր, պետք է օգտագործել այդ առիթը ևանել հնարավորը՝ դրա համատեքստում գերիների ազատ արձակումն ապահովելու համար․ «Կամ, եթե Ադրբեջանը հրաժարվում է, ապա շատ լուրջ վարկանիշային վնաս պատճառելու նպատակով աշխատանքներ պետք է տարվեն։ Կարծում եմ՝ աշնան ամիսներին պետք է շատ համակարգված պարբերական մեծ ներգրավվածություն ապահովող գործընթացներ իրականացվեն, որ Ադրբեջանը COP 29-ին ընդառաջ ռազմագերիներին և պահվող այլ անձանց ազատ արձակելու միջոցով ի ցույց դնի միջազգային հանրությանը, որ դեռևս հավատարիմ է հռչակված արժեքներին, իսկ եթե այդ զարգացումները տեղի չունենան, կարծում եմ, որ ցանկալի է շատ մասնակիցներ նախ բոյկոտեն, չմասնակցեն միջոցառմանը՝ դրանով իսկ վնաս պատճառելով այդ երկրի միջազգային հեղինակությանը»։

Մեր հարցին՝ այդպիսի նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը պատրաստ է համաժողովին ընդառաջ ազատ արձակել հայ ռազմագերիներին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Եթե հարցը միջազգայնացվի, իրատեսական է որոշակի մասնակի լուծում։ Բայց, կարծում եմ, գուցե թե սա չտարածվի Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ, բայց գոնե հնարավոր կլինի այլ կարգավիճակ ունեցող մեր մյուս գերիների և ռազմագերիների ազատ արձակումն ապահովել։ Ես նման պոտենցյալ տեսնում եմ»։

Նշենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում են 23 հայ ռազմագերիներ, որոնցից 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են։

Հարցին՝ արդյոք ՀՀ կառավարության և տարբեր մարմինների աշխատանքը նկատելի՞ է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տեղեկատվական արշավին միանալու տեսակետից, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Տեղեկատվական և այլ դաշտում նկատելի չէ, բայց չպետք է նաև նկատելի լիներ, քանի որ նրանք բանակցում են փակ դռների հետևում և նույն COP 29-ի հարցում աջակցության մասով, երբ իմ գնահատմամբ քաղաքական առևտուրը տեղի ունեցավ, դարձյալ հանրային, թափանցիկ գործողությունների արդյունք չէր։ Այն, որ թափանցիկ չէ, սա ևս վկայում է այն հանգամանքի մասին, որ այնտեղ պահվող հայերը պատանդներ են, և Ադրբեջանը փորձում է նրանց ազատ արձակման դիմաց ստանալ տարբեր պահանջների բավարարում կամ գնալ գործարքների՝ ի շահ իր երկրի հեղինակության կամ պետական շահերի։ Չեմ բացառում, որ այս միջոցառման անցկացման ընթացքում էլ ՀՀ-ի շարունակական աջակցությունը վայելելու և սեփական երկրի հեղինակությունը փրկելու նպատակով փակ դռների հետևում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ որոշ թվով ռազմագերիներ ազատ արձակվեն և, օրինակ, ՀՀ-ն այս առումով դրական արձագանքներ տա, ինչը կրկին կնպաստի գոնե Ադրբեջանի հեղինակության պահպանմանը։ Տեղեկատվական դաշտում պետք է գործեն հասարակական գործիչները, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչ վերաբերում է պետությանը, այս բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվելու ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ շփումների ու պայմանավորվածությունների արդյունքում»։

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իր կարծիքով չի հաջողվի համաժողովին ընդառաջ հասնել նաև Արցախի ղեկավարների ազատ արձակմանը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Նախ այս անձանց գլխագինն է շատ թանկ։ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում բոլոր հայերին ազատ արձակել, եթե նույնիսկ պետք է դրական քայլ կատարել․ թիվը բավականին մեծ է։ Չեմ կարծում, որ նրանք մեկ առիթով երկու տասնյակից ավելի անձանց կցանկանան ազատ արձակել, և երրորդ գործոնը, որ նախապատրաստվող ցուցադրական դատավարությունները ուղղակի օբյեկտիվորեն չեն կարող ավարտվել մինչև միջոցառման մեկնարկը, իսկ առանց այս անձանց՝ դատարանի առաջ ցուցադրական կանգնեցնելու, նրանց իրավունքների չարաշահման միջոցով քաղաքական օգուտներ ապահովելու, Ադրբեջանը նրանց ազատ չի արձակելու։ Չմոռանանք, որ նրանց ձերբակալումն ու կալանավորումն ինքնանպատակ չեն եղել և որևէ կերպ կապված էլ չի եղել կոնֆլիկտի հետ։ Նրանք քաղաքական նպատակով կամայական անազատության մեջ պահվող անձինք են, և նրանց ֆենոմենը օգտագործվում է քաղաքական դրդապատճառներով։ Ադրբեջանն առավելագույն օգուտ դեռ չի քաղել և որևէ շտապողականություն չի ցուցաբերելու անգամ COP 29-ի շրջանակում։ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստը կարող է ցուցադրվել այս խմբից դուրս կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031