«Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», – նշեց նա:
«Ազատություն» – Բայց, արդյոք գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը:
Պետեր Ստանո – Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:
Այսպիսով, այս բանակցությունները որևէ կապ չունեն պոտենցիալ անդամակցության թեկնածության հնարավորությունների հետ, սրանք երկու տարբեր բաներ են, մենք արդեն իսկ Հայաստանի հետ ունենք CEPA-ի համաձայնագիրը, և հիմա մենք ընդլայնում ենք դրա հիմքերն ու ոլորտները, թե էլ որ ոլորտներում կարող ենք ավելի սերտ համագործակցել: Սա արտացոլում է մեր ներկայիս համագործակցությունը, որը թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը ցանկանում են ընդլայնել, սակայն կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա։