ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտ Լաբ Գյումրի» և «Գյումրի արտ վիք» ՀԿ–ները օգոստոսի 2-18-ն իրականացնում են «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված նկարիչ, քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում: «Gyumri Art Week 2024»-ը կրում է «Քաղաք և Անդին» խորագիրը, որը հուշում է, որ փառատոնը որպես իր հետազոտությունների օբյեկտ ընտրել է քաղաքը և շրջակայքը՝ իբրև բարդ կենդանի օրգանիզմ:
Օգոստոսի 5-ին փառատոնի շրջանակում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Gyumri Art Week 2024» փառատոնի շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտեր, ինստալյացիաներ, համերգներ, արտ-ստուդիաների ճանաչողական էքսկուրսիաներ, արվեստի ռեզիդենցիաներ՝ Հայաստանի տարբեր մարզերում, արվեստի խնդիրներին առնչվող պանելային քննարկումներ, ինչպես նաև միջոցառումներ հանրային տարածքներում:
Կարդացեք նաև
Փառատոնին մասնակցում են շուրջ 70 արվեստագետներ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից և այլն։
«Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնի ծրագիրը կցվում է:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ