Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոյվո Կլաարը խոսում է «Ղարաբաղի հայերի» մասին, ու պարզ չէ՝ նրանք որպես ինքնավար միավո՞ր են, թե ինչ-որ «հավաքական» միավոր»․ Մարիամ Ավագյան

Օգոստոս 09,2024 15:00

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հարցազրույցը, որտեղ եվրոպացի դիվանագետը կարծիք է հայտնում, որ ԼՂ-ի հայերը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, խոսում է Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի անվիճարկելիության, այդ առիթով Բաքվի պարտավորության, նաեւ գերեվարված անձանց ազատ արձակման ու «Արեւմտյան Ադրբեջան»-ի հայերի վերադարձը եւ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը նույն հարթության մեջ դիտարկելու անընդունելիության մասին, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի մոտ բազում մտահոգություններ է առաջացնում։

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Ավագյանն ասաց․ «Կլաարը հարցազրույցում տեղեկացնում է Մինսկի խմբի ֆոնին ԵՄ-ի ակտիվացման մասին, որևէ ձևով չանդրադառնալով Մինսկի խմբի 2020-ից հետո «անգործ» վիճակին։ Սա ինքնին քաղաքական կոնսենսուս է Իլհամի հետ, որի անիրավաչափ պահանջներից մեկն էլ Մինսկի խմբի վերացումն է։ Ես կասեի, որ Կլաարը ակամա հուշում է, որ հայկական կողմը պարտավոր է պահանջել Մինսկի խմբի ռեսթարթի անհրաժեշտությունը, քանի որ Իլհամի հետպատերազմյան քմահաճույքի բավարարման արդյունքում է փաստացի չեզոքացվել Մինսկի խմբի ակտիվությունը և փոխարինվել ԵՄ ակտիվությամբ։ Երբ արդեն բարեհաջող «չեզոքացված է» Մինսկի խումբը, Կլաարը հանգիստ, իսկ միգուցե և ակամա, շրջանցում է  1975 թվականի Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները»։

Դրանք են՝

1․Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը

2․ Միջազգային վեճերի՝ խաղաղ միջոցներով լուծման սկզբունքը

3․ Պետությունների ներքին իրավասության մեջ մտնող գործերին չմիջամտելու սկզբունքը

4․ Միմյանց հետ համագործակցելու պետությունների պարտականությունների սկզբունքը

5․ Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը

6․ Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը

7․ Միջազգային իրավունքի գծով պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը

8․ Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը

9․ Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը

10․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունքը:

«Եվ ես նաև ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կլինեն կարգավորման գործընթացի մաս, ու Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»,- ասել է եվրոպացի դիվանագետը։ Մարիամ Ավագյանը հարց է ուղղում․ «Ու՞ր կորան Մինսկի խմբի երեսուն տարիներ տարված քննարկումների արդյունքները, երբ արդեն Կլաարը խոսում է «Ղարաբաղի հայերի» մասին, ու պարզ չէ՝ նրանք որպես ինքնավար միավո՞ր են, թե ինչ-որ «հավաքական» միավոր»։

Մեր զրուցակցի բնութագրմամբ` Կլաարը դառնում է բոլշևիկ Ստալինի շարունակողը․ «Կլաարն անվարան ոտնահարում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որևէ ակնարկ անգամ այդ սկզբունքների մասին չկա, հավանաբար, որ Իլհամին չբարկացնի ԵԱՀԽ-ի ու դրա Մինսկի խմբի մասին հիշեցնելով։ Կլաարին կարիք կա հիշեցնել նաև չճանաչված պետությունների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ու ոչ միայն․ այդ միջազգային սկզբունքները ոտնահարել են Իլհամը և դրա դաշնակիցները՝ կոլեկտիվ Եվրոպայի աչքի առաջ»։

«Ավելի շփոթեցնող է, որ որոշ հայկական քաղաքական գործիչներ, տարատեսակ հարթակներ շատ արագ միացան Կլաարի այս հարցազրույցին ու «համահունչ» սկսեցին մոռացության տալ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարյուրամյա ընթացքը, նրա իրավունքը՝ ինքնուրույն որոշելու այն իրավակարգը, որտեղ պատրաստ է կառուցելու իր կյանքն ու ապագան։ Ամենակարևորը, ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող, առնվազն 1988-ից հայության դեմ այդ՝ 1915 թվականի ցեղասպանությունը շարունակող «քաղաքակրթության» մեջ-հետ ապրել անվտանգ ու արժանապատիվ։ Ու՞մ դեմ է ուղղված զգոնությունը բթացնելու այս ընթացքը։ Արցախցին, Ղարաբաղի հայը նոր չէ, որ գիտի իր ինքնավարության կարևորությունը  հարատևման համար։ Ու նրա ընտրածը կենսական ուղի է»,- ասում է մեր զրուցակիցը։

Տոյվո Կլաարի կողմից, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» հիշատակումներին էլ Մարիամ Ավագյանը հակադարձում է․ «Եթե նա տեղյակ է քարտեզից, ապա իր այս դարձվածքով լեգիտիմացնում է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ Իլհամի ոտնձգությունները»։

Հաջորդ կետը, որն անհանգստացրել է Մարիամ Ավագյանին՝ եվրոպացի դիվանագետի հարցազրույցից, հետեւյալին է վերաբերվում․ «Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: ԵՄ- ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը: Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա–Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը»:

Այս հայտարարությունները, մեր զրուցակիցը համարում է պատմական իրողությունների հերթական կոծկում, քանի որ Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրին միացել է 1993-ին, երբ 1991-ից ԼՂՀ դեմ տարած ագրեսիայի արդյունքում ունեցել էր տարածքային կորուստներ․ «Ու ակնհայտ է, որ ԵՄ-ն է «համոզել» ՀՀ վարչապետին իջեցնել նշաձողը և ճանաչել 86.600 քառ.կմ-ը՝  ներառյալ Արցախը։ COP29-ի ողջ ներուժը նվիրել մարդատյաց Բաքվին՝ կրկին ԵՄ-ի կամքն է»։

Մարիամ Աբագյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի «ուժները չեն պատել» Իլհամի երախից մեր ռազմագերիներին ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթի ազատել, հայությանը՝ հայության հաշվին նվիրաբերել են ռազմագերիների վերադարձը․ «Սա է միշտ քաղաքական կամազուրկ պետության ճակատագիրը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031