Հայաստանում տեղակայված տարբեր երկրների դեսպանատներ շարունակում են մուտքի արտոնագրեր չտրամադրել Արցախից բռնի տեղահանված անձանց։ «070» կոդով անձնագրեր ու փախստականի վկայական ունեցող արցախցիներն ամիսներ շարունակ բարձրաձայնում են այս խնդրի մասին, բայց այն լուծում չի ստանում։
Նշենք, որ ավելի վաղ «Առավոտը» անդրադարձել էր այս խնդրին։
Արցախցիները մեզ հետ զրույցներում ասում են, որ հաճախ ոչ թե մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել, այլ շատ դեպքերում ընդհանրապես չեն ընդունում արցախցիների անձնագրերը եւ գործին ընթացք չեն տալիս։ Տեսնում են անձնագիրը «070» կոդով է, վերադարձնում են։
Արցախից բռնի տեղահանված Ալինա Պետրոսյանն ունի փախստականի վկայական եւ «070» կոդով անձնագիր, Լիտվայի դեսպանատունը հրաժարվել է ընդունել նրա անձնագիրն ու ընթացք տալ մուտքի արտոնագրի դիմումին։ «Առավոտի» հետ զրույցում Ալինա Պետրոսյանն ասաց․ «Վիզաների կենտրոնում ինձ ասացին, որ չեն մերժում ինձ, ուղղակի չեն կարող վերցնել իմ անձնագիրը։ Արտաքին գործերի նախարարությունը ինձ համար երաշխավորել էր, որ պետք է գնայի մասնակցեի ծրագրին, բայց Վիզաների կենտրոնում անգամ չեն էլ վերցրել իմ փաստաթղթերը։ Եթե գոնե թղթերը վերցնեին նայեին, գուցե մի բան փոխվեր։ Իրենք պարզապես նայեցին, որ անձնագիրս 070 կոդով է եւ հետ տվեցին»։
Կարդացեք նաև
Ալինա Պետրոսյանն ասաց, որ պետք է մեկներ Լատվիա՝ մասնակցելու ամառային դպրոցի ծրագրին։ Հրավերն ստացվել էր Լատվիայի ազգային գրադարանի կողմից։ Քանի որ Հայաստանում Լատվիայի դեսպանատուն չի գործում, վիզան պետք է ստանար Լիտվայի դեսպանատնից։ «Վիզաների կենտրոնում ինձ ասացին, որ եթե այս փաստաթղթերը իմ ձեռքին մոտենամ անձնագրային ծառայություն, ինձ արագ կարգով ՀՀ քաղաքացիություն կտան։ Բայց ես մեկ շաբաթ ժամանակ ունեի, պարզ էր, որ չէի հասցնի, քաղաքացիություն ստանալը բավական երկար գործընթաց է, հիմա անգամ մոտ 4 ամիս է տեւում։ Ես երկու անգամ զանգահարել եմ Լիտվայի դեսպանատուն, ասել եմ՝ ձեր աշխատակիցն ինձ ասաց, որ չի կարող վերցնել իմ անձնագիրը։ Ինձ պատասխանեցին՝ բա այդպես էլ պետք է լինի, դուք ՀՀ լիիրավ քաղաքացիներ չեք»,- ասաց նա։
Ալինա Պետրոսյանը միաժամանակ նշեց, որ կան տեղեկություններ, որ որոշ դեսպանատներ արդեն սկսել են վիզաներ տալ արցախցիներին։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մի շարք երկրների դեսպանատներ շարունակում են վիզա չտրամադրել արցախցիներին։ Դեռ ամիսներ առաջ էր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել այս հարցին՝ նշելով, որ մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները։
Գեղամ Ստեփանյանին հարցրեցինք՝ ի՞նչ արձագանք է ստացել իր ահազանգը։ «Ես գիտեմ, որ իրենց մեջ ներքին քննարկումներ եղել են այդ հարցի վերաբերյալ։ Կան դեսպանատներ, որոնք այնպես չէ, որ կտրականապես են մերժում, բայց կան դեսպանատներ, որոնք կտրականապես մերժում են։ Օրինակ՝ Լեհաստանի դեսպանատունն ընդհանրապես չի ընթացքավորում, Լիտվան մերժել է, Սլովակիայի դեսպանատունը մերժել էր, հետո նույն մարդկանց կանչեց հարցազրույցի։ Կան դեսպանատներ, որոնք չեն մերժում, օրինակ, Ֆրանսիան չի մերժում, Հունաստանը չի մերժում, Գերմանիայի դեսպանատունը եւ տրամադրում է, եւ մերժում է։ Այսպիսի խառը վիճակ է»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նա հավելեց, որ իր տեղեկություններով՝ Հայ դատի Բրյուսելի գրասենյակն ամենաբարձր մակարդակով այդ խնդիրը բարձրաձայնել է այնտեղ, ասել են, որ հարցը կփորձեն կարգավորել, շատ աղմուկ պետք չէ բարձրացնել։
Հայաստանում Լիտվայի դեսպանատնից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բաբայանին «Առավոտը» հարց ուղղեց՝ ԱԳՆ-ն այս հարցը բարձրաձայնե՞լ է, ինչո՞ւ տարբեր երկրների դեսպանատներ մուտքի արտոնագիր չեն տալիս արցախցիներին, ի՞նչ հիմնավորում են ներկայացրել ԱԳՆ-ին։ ԱԳՆ խոսնակն ասաց, որ խնդրի վերաբերյալ մեր հարցերին կպատասխանի գրավոր հարցման դեպքում միայն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ