Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

Օգոստոս 09,2024 14:12

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով:


Քննադատ Գորդոն Ուիլյամսը (Opera Wire, 11.07.2024) նշել է. «Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ հմայքով, անգամ առօրեական հարցաքննությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ երկրորդ գործողության՝ ննջարանի  տեսարանում»:

«Գևորգ Հակոբյանը կարծես ծնված է մարմնավորելու համար Սկարպիայի դաժան կերպարը, որը հաճույք է ստանում՝ ցուցադրելով իր իշխանությունը…»,- հավելել է «City News» ամսագիրը (City News SBR, 10.07.2024):

«Տոսկա» օպերայի այս բեմադրությամբ Սիդնեյի օպերային թատրոնը նշանավորել է Պուչինիի մահվան 100-րդ տարելիցը: Ռեժիսոր Էդուարդ Դիկի բեմադրությունն իր մեջ համադրում է Վերածննդի դարաշրջանի վեհությունն ու ժամանակակից էլեգանտությունը: Ներկայացման դիրիժորն է Յոհաննես Ֆրիցշը, Տոսկայի դերում հանդես են եկել սոպրանոներ Ժիզել Ալլենը և ավստրալաբնակ մեր հայրենակցուհի Նատալի Արոյանը, իսկ Կավարադոսիի կերպարը մարմնավորել է կորեացի տենոր Յունգ Վու Կիմը:

Գևորգ Հակոբյանը, չնայած իր խիտ աշխատանքային գրաֆիկին, հասցրել է ակտիվորեն շփվել Սիդնեյի հայ համայնքի հետ, այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» ծերերի խնամքի տուն-ինտերնատ: Նա ոգևորիչ հանդիպումներ է ունեցել դպրոցականների և տարեցների հետ: Հակոբյանի փոխանցմամբ՝ նրա ներկայացումներին զգալի էր նաև հայ հանդիսատեսի ներկայությունը և զորակցությունը:

Նշենք, որ Սկարպիայի դերերգը Հակոբյանի երգացանկի առանցքային դերերից է, այն բազմիցս կատարել է Հռոմի, Վիեննայի պետական, Մադրիդի թագավորական, Ամստերդամի ազգային, Բեռլինի, Բոլոնիայի «Կոմունալե», Ջենովայի «Կարլո Ֆելիչե», «Մարիինյան», «Բոլշոյ» և այլ հեղինակավոր օպերային թատրոններում: Հակոբյանի առաջիկա բեմելները ծրագրված են Հռոմի օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում, Փարիզի «Օպերա Բաստիլում», Նիդերլանդների Ազգային և Մադրիդի Թագավորական օպերային թատրոններում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031