Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արվեստում ամենակարեւորն ինքնարտահայտման լիակատար անկեղծությունն է. Լյոկա

Օգոստոս 09,2024 13:23

Ռեփեր, հայրենասիրական ռեփ երաժշտության առաջատար Վալերի Լյոկա Ղազարյանը հայտնի է ոչ միայն Արցախում, այլ Հայաստանում: 44-օրյա պատերազմից հետո նա դժվարությամբ, բայց կրկին բեմ բարձրացավ: Լյոկայի երգերը YouTube-ում հսկայական դիտումներ ունեն, իսկ շատերի համար սիրելի դարձած նրա «Տուն տարեք» երգի տեսահոլովակի դիտումները մոտենում են 6 միլիոնին: Իր  հարցազրույցներից մեկում նա ասել է, որ այս երգն ասես աղոթք լինի տները կորցրած արցախցիների համար:

Ինչ վերաբերում է «Ես դեռ կամ»-ին, այն մարդկանց երգի միջոցով ապրելու խորհուրդ ունի:

Նշենք, որ Լյոկան «Կատապուլտի» դրամաշնորհառուներից է, ինչի առիթով զրուցել ենք ռեփերի հետ: Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։

Լյոկայից հետաքրքրվեցինք, թե ինչի վրա է ծախսել տրված դրամաշնորհը: «Նախ ասեմ, որ «Կատապուլտի»  դրամաշնորհից բացի շատ արդյունավետ էր նաեւ դասընթացի ծրագիրը։ Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ ունեցանք հնարավորություն շփվելու նման մասնագետների հետ, սովորելու ու նոր հմտություններ ձեռք բերելու՝ որպես արտիստներ։ Իսկ դրամաշնորհն առաջին հերթին ծախսել եմ իմ ձայնագրման ստուդիան մի քանի կարեւոր սարքավորումներով զինելու համար, որոնք ինձ այժմ թույլ են տալիս ավելի անկախ ստեղծագործել։ Դրամաշնորհի գումարի  մի մասն էլ ծախսել եմ իմ նոր երգերի գովազդային արշավի, յութուբյան ալիքի եւ պոդքասթի զարգացման վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լյոկան:

Հարցրինք՝ իր ո՞ր նախագիծը, ալբոմը կամ ստեղծագործությունն է այցեքարտային համարում: «Գաղտնիք չէ, որ իմ ամենահայտնի երգը «Տուն տարեք» ստեղծագործությունն է, որի դիտումները միայն YouTube-ում անցնում են 5 միլիոնը»,-ասաց մեր զրուցակիցը։ «Տուն տարեքը» նա գրել է 2019-ին: Ցավոք, Արցախի մեր բոլոր հայրենակիցների նման ռեփերը կորցրել է իր հայրենի տունն ու հարազատներին, իսկ երգը չի կորցրել արդիականությունը: Նա իր մաշկի վրա զգացել է երկու պատերազմների ողջ դառնությունը:

«Երկաթե ոտքով եւ սրտով, հայրենասիրական ռեփերը Արցախից»՝ ահա թե ինչպես է ներկայանում ինստագրամում Վալերի Ղազարյանը:

Հետաքրքրվեցինք, թե  ինչի վրա է աշխատում ներկայումս: «Այս պահին իմ դեբյուտային «Կյանք» ալբոմի ավարտական աշխատանքների վրա եմ աշխատում, շուտով մի քանի պրեմիերա եմ ունենալու»,-ասաց մեր զրուցակիցը։

Խնդրեցինք, որ իր օրինակով ներկայացնի,թե ինչպես կարելի է երաժշտության միջոցով՝ ապրելու, ամեն ինչ նորից սկսելու ուժ ներշնչել: «Ես կյանքում շատ բարդ պահեր եմ ունեցել, ու միշտ փորձում եմ երգերիս միջոցով պատմել իմ պատմությունը։ Իմ կարծիքով՝ ամենակարեւորը ցանկացած արվեստում ինքնարտահայտման լիակատար անկեղծությունն է։ Անձնական փորձի մասին անկեղծ պատմելը թերապիա է  լսողների համար»,-նշեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Վալերի Ղազարյանի ինստագրամից:

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031