Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զրոյից հմտություն ձեռքբերել ու այն վերածել ապրուստի միջոցի». «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի թիրախային խումբը եղել և մնում են արցախցիները. «Ա1+»

Օգոստոս 09,2024 13:15

«Ա1+». 2020 թվականի պատերազմից հետո, երբ կորցրեցինք մեր չորս շրջաններն ու 39 հազար մարդ տեղահանվեց արցախից, բարեգործական տարբեր կազմակերպություններ կանգնեցին բռնի տեղահանված արցախցիների կողքին՝ իրականացնելով կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք ծրագրեր։

Կարճաժամկետ ծրագրերը չէին կարող լուծել պատերազմի հասցրած աղետալի հետևանքներ։ Ամեն ինչ կորցրած և Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնված արցախցիների համար առաջնահերթն աշխատանք ունենալն ու հնարավորության դեպքում նոր մասնագիտություն ձեռք բերելն էր։ «Այդ օրերին ակտիվ հասարակական աշխատանքներով և աջակցությամբ զբաղվող ընկերներիս՝ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ եկանք այն եզրահանգման, որ պետք է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։ Այդպես առաջացավ «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի ստեղծման գաղափարը։ Այն հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին։

Արդեն 2021-ից սկսեցինք նախագծել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց մասնագիտություն և աշխատանք ձեռքբերելու հարցում։ Ու հղացավ «Կերամազարդ» արվեստանոց-ուսումնարան բացելու գաղափարը, որը «ԳՈՅ»-ի առաջին ծրագիրն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է հիմնադրամի հիմնադիր Ազատուհի Սիմոնյանը։

Հիմնադրամի և թիմի թիրախային խումբը եղել և մնում են արցախցիները, նրանց աջակցություն ցուցաբերելը։ Մտահղացումն իրականություն դարձնելու համար դիմել են տարբեր կազմակերպությունների, մասնակցել մրցութային, դրամաշնորհային տարբեր ծրագրերի, որոնցից մի մասում հաղթել և կարողացել են ծրագրերն իրականություն դարձնել։

«Դիմել ենք նաև անհատ բարերարների, միջազգային և սփյուռքյան կազմակերպությունների և կարողացել նրանց նվիրատվությունների միջոցով հիմնել «Կերամազարդ արվեստանոց- ուսումնարանը, ձեռք բերել մասնագիտական գույքն ու սարքավորումները, և սկսել վերապատրաստման դասընթացներ անցկացնել»։ Դասընթացներին մասնակցում էին արցախցիներ, ովքեր երբևիցե կավագործությամբ չեն զբաղվել՝ վերապատրաստվել են տարբեր վայրերում, տարբեր դասընթացների մասնակցել, ստացել հմտություն, մասնագիտություն, որոնց ընթացքում նրանք կարողացել են բավականին փորձ ձեռքբերել, տալ արդյունք և որակ։

«Կերամազարդը» օգոստոսի 10-11-ը ներկայացված է լինելու Տերյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա «Տարազֆեստ փառատոնին, որն այս տարի տեղի է ունենալու Հաղթանակ զբոսայգում։

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նկարիչ, 27 տարվա նկարչության խմբակավար Էռնա Մկրտչյանն արդեն երեք ամիս է, ինչ կարողանում է ստեղծագործական մտքերն իրացնել կերամիկայի վրա, ինչն իր համար նոր ոլորտ է, հոգեբանական իմաստով է նաև այն օգնում։ Գեղեցիկը ստեղծելու պահանջ կա՝ ասում է, ինչն օգնում է ապրել ու առաջ նայել։ Սեդա Միքայելյանն արվեստանոցի հնաբնակներից է։ Հադրութի շրջանի Տող գյուղից է բռնի տեղահանվել 2020-ին։ Մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցչուհի է, սակայն կարողացել է դասընթացների արդյունքում յուրացնել նաև այս չափազանց հետաքրքիր արվեստը։

«Գոհ եմ իմ աշխատանքից, ու շնորհակալ, որ գոյություն ունի նման կառույց, որտեղ կարելի է զրոյից հմտություն ձեռքբերել ու այն վերածել ապրուստի միջոցի։ Աշխատանքն այստեղ հետաքրքիր ու բովանդակային է»։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031