Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սրացումներ աշխարհում եւ տարածաշրջանում

Օգոստոս 09,2024 10:09

Արդեն երրորդ օրն է՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում թեժ մարտեր են տեղի ունենում ռուսական եւ ուկրաինական զինված ուժերի միջեւ: Չնայած կողմերը վերջին շաբաթների ընթացքում ակնարկներ էին անում, որ աշնանը հնարավոր է առաջընթաց՝ հրադադար հաստատելու հարցում, ռազմական էսկալացիան շարունակվում է, եւ մարտական գործողությունները տեղափոխվել են նաեւ ՌԴ տարածք:

Միացյալ Նահանգները կարծես թե դեմ էին նման սցենարին եւ դրա մասին զգուշացնում էին ուկրաինական կողմին: Բայց այդ երկրի վերնախավը զբաղված է նախագահական ընտրություններով, եւ որքան էլ կարեւորի Ռուսաստան – Ուկրաինա հակամարտությունը, այժմ հակված չէ այդ խնդիրների մեջ խորանալու: Իսկ գործող նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, առողջական խնդիրների պատճառով, նույնպես այս հարցում ակտիվություն չի դրսեւորում:  Եթե ժամանակ չունեն Ուկրաինայով զբաղվելու, ապա Հարավային Կովկասին առավել եւս ուշադրություն չեն դարձնելու: Ինչը, բնականաբար, մեզ բացարձակապես ձեռնտու չէ:

Մեր տարածաշրջանում նույնպես իրավիճակը ծայրահեղ լարված է: Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում (ենթադրաբար, իսրայելական հրթիռի հարվածի արդյունքում) «Համասի» քաղաքական առաջնորդի սպանության: Ի դեպ, բացառված չէ, որ Պուտինը փորձի առեւտրի մեջ մտնել Արեւմուտքի հետ՝ փորձելով զիջումներ կորզել Ուկրաինայի հարցում ու փոխարենը համոզել Իրանին «զուսպ արձագանքել» Իսրայելի գործողություններին:

Այս պայմաններում տրամաբանական կլիներ, որ մեր դիվանագետները ինտենսիվ շփումների մեջ լինեին Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչու չէ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իրենց գործընկերների հետ: Կասկածում եմ, որ այդպիսի շփումներ կան:

…Այն, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այս դրամատիկ պահին արձակուրդի մեջ են, վկայում է այն նրա մասին, որ «մենք անկախ երկիր ենք»: Այն իմաստով, որ մեզնից, մեր դիվանագիտությունից ոչ մի բան կախված չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Մենք դիվանագետներ չունենք,որ կարողանանք մանեվրել։ Մենք պետք է հլու հնազանդ լսենք այն երկրների դիվանագետներին որոնց քիչ թե շատ վստահում ենք։ Մեր դիվանագետները ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլ նաև փակ խաղաքարտերի մասին ինֆորմացիա չունեմ։

  2. Լավատես says:

    Աշխարհում ոչ գործող ժողովրդավարություն կա, ոչ էլ գործող միջազգային օրենք, աշխարհում գողերի գողական հասկացություններն են գործում, այլ ոչ թե ժողովրդավարության օրենքները: Մենք մեր ազգի ներսում առաջին հերթին կկառուցենք գործող ժողովրդավարություն եւ գործող օրենք եւ դրանով ռազմադաշտ դուրս կգանք գողերի գողական հասկացությունների դեմ, հաղթանակի արդյունքում՝ օրենքին ենթարկվող գողն այլեւս գող չի, նա այլեւս ներկայացնում է օրինապահ ժողովրդավարությունը: Հաղթանակի համար ժողովրդավարությունը իր կարգապահությանբ եւ պատասխանատվության մակարդակով պարտավոր է գերազանցել իր մրցակիցներին: Ընտանիքը ջոկն է, որը ջոկի՝ ընտանիքի հրամանատարն ունի, մի հարկի ընտանիքները կազմում են դասակ, որն իր հրամանատարն ունի, հարկերը միասին վաշտ են կազմում՝ շենքի մուտքը, շենքը գումարտակն է իր հրամանատարով, եւ այդպես շարունակ մինչեւ քաղաքներն իրենց հրամանատար քաղաքապետերով, պետություններն իրենց հրամանատար նախագահներով,… Հրամանատարների ընտրություններն անցկացվում են քաղաքական զորավարժությունների արդյունքում: Նույնիսկ երկու տիեզերագնացից բաղկացած անձնակազմն իր հրամանատարն ունի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031