Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը․ Արամ Երիցյանը չի կալանավորվի

Օգոստոս 07,2024 23:40

«Դատարանը մերժեց միջնորդությունը։ Դեռ որոշումը չենք ստացել»,-Aravot․am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբայր, արցախցի Արամ Երիցյանի կալանավորման հարցով դատարանի որոշմանը (նախագահող դատավոր Մարտին Արզումանյան)։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան քննարկելու Արամ Երիցյանի կալանքի հարցը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այստեղ առհասարակ հիմնական խնդիրը սահմանադրական է․ «Իրավունք  կա՞ր այս միջնորդությունը դատարանին ներկայացնելու, երբ քննիչն ինքն ընդունեց, որ որևէ փաստական հիմք չի փոխվել, և հուսով ենք, որ այս հարցին անդրադարձ կլինի դատարանի կողմից։ Սա ոչ միայն Արամ Երիցյանի հարցն է, այլ ՀՀ ցանկացած քաղաքացու, որի դատական երաշխիքները պետք է մեկ անգամով երաշխավորվեն։ Այսինքն՝ եթե մեկ անգամ դատարանը մերժել է, երկրորդ անգամ չպետք է քննիչը նույն հիմքերով կարողանա որևէ միջնորդություն ներկայացնել»։

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ քրեական դատավարության օրենսգիրքը որոշ դեպքերի համար լրացուցիչ արտոնություն է նախատեսում ձերբակալված անձանց համար․ «Օրինակ՝ եթե դատարանը մերժում է միջնորդությունը կամ նկատում, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, ոչ թե դատարանը մտածում է նրա մասին, որ կարող է օրինակ՝ մասնակի բավարարել՝ բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով, այլ օրենքը սահմանում է, որ դատարանը պարտավոր է կյանքի վտանգ տեսնելու  դեպքում՝ առհասարակ եմ ասում, մերժել միջնորդությունը։ Նույն կատեգորիային է վերաբերում այս դեպքը, երբ դատարանը տեսնում է, որ անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալելիս անմիջական ծագած կասկած գոյություն չունի, ինչպես և կոնկրետ Արամ Երիցյանի դեպքում էր։ Դա նշանակում է, որ անձի իրավական պաշտպանությունը մեկ մակարդակ բարձր է մեր քրեական դատավարության օրենսգիրքը դրել։ Դա ի չարս է գործադրվում, երբ քննչական մարմինն իրեն  իրավունք է վերապահում այդ հիմքով մերժելու դեպքում նորից մտնել դատարան։ Այսօր պարզեցի, որ էլի են նման դեպքեր եղել»։

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ սա սկզբունքորեն անընդունելի մոտեցում է, և ուրախալի է, որ դատարանը ոչ թե մասնակի է բավարարել, այլ առհասարակ մերժել է։ Ըստ նրա՝ քննչական մարմինը մեկ այլ՝ ավելի դատական պաշտպանության չենթարկվող խափանման միջոց կարող է կիրառել՝ օրինակ բացակայելու արգելք և դրանով սահմանափակվի ու շարունակի վարույթը։ Փաստաբանն ասաց, որ անկեղծ ասած՝ զարմանում էր, որ կիրակի օրը մերժելուց հետո երկուշաբթի, երեքշաբթի օրը նման որոշում չկայացվեց։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031