Գյումրեցիների մեծ մասն այս պահին կենտրոնական Վարդանանց հրապարկում է, այստեղ ասեղ գցելու տեղ չկա․ փոքր երեխաներից սկսած՝ հավաքվել են միասին հետևելու ու երկրպագելու իրենց չեմպիոնին՝ Արթուր Ալեքսանյանին։
Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ կենտրոնական Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, տեղադրվել են աթոռներ, մեծ էկրաններ, որպեսզի գյումրեցիները տներից դուրս գան ու այստեղից հետևեն Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից մեր մարզիկների մրցելույթները։
Աթոռների քանակը, բնականաբար, բավարար չէ․ այսօր հրապարակն ավելի մարդաշատ է, քան երեկ, երիտասարդների ու երեխաների մեծ մասը նստած են գետնին։
Կարդացեք նաև
Այս քաղաքի բնակիչները փոքր-ինչ լարված են, սակայն վստահ են,որ շուտով կտոնեն Արթուր Ալեքսանյանի հաղթանակը․ օլիմպիական ոսկին կգա Գյումրի։
Ուշագրավ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հոգեվիճակը․ նա երբեմն լարված է՝ մտահոգ, երբեմն անչափ ուրախ՝ կարծես րոպե առաջ ցանկանում է հավաքվածներին ավետել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար։
Երեկ այս նույն վայրում տոնեցին 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչ դուրս եկած Արթուր Ալեքսանյանի՝ աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի նկատմամբ հաղթանակը․ գյումրեցի Ալեքսանյանը մրցակցին հաղթեց 5:3 հաշվով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ