Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոլորտային առումով չի զիջում շատ ավելի զարգացած երկրների. ServiceTitan ներկայացուցիչներ

Օգոստոս 07,2024 21:44

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 7-ին այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ։

ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող  առաջին Unicorn  (միաեղջյուր) ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։

Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանի ուղեկցությամբ նախարարը  շրջայց  է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել վերջին տարիների ձեռքբերումներին, առաջիկա նպատակներին, զարգացման ծրագրերին։

Հայաստանի գրասենյակի արդեն 400-ից ավելի անդամից բաղկացած թիմը ոչ միայն բարելավում է առկա ծրագրային արտադրանքը, այլև ստեղծում է նորերը: Աշխատում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և դրանց շնորհիվ նոր որակ ստեղծելու շուրջ։

Նշվել է նաև, որ հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու, որակյալ մասնագետներ պատրաստելու, թիմը համալրելու նպատակով իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ  տեխնոլոգիական ոլորտը Կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Կարևորվել է տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառումը, որը կարագացնի զարգացման տեմպերը։

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով Հայաստանը ոլորտային առումով չի զիջում շատ ավելի զարգացած երկրների, սակայն,  շատ կարևոր է, որպեսզի մեր մասնագետների կողմից ստեղծված արտադրանքը, ստացված արդյունքը   պետության կողմից ճիշտ և նպատակային մատուցվի աշխարհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող  օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Հատկանշական է, որ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 6-րդն է։

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031