«Մտքովս չէր անցնում, և չի կարող նման բան լինել, որ բոլորովին նույն հիմքերով նույն միջնորդությունը ներկայացվի դատարան․ արդեն իսկ մերժված միջնորդությունը ներկայացվի դատարան։ Դա նշանակում է թքել դատական իշխանության սահմանադրական առաքելության վրա։ Եթե մարդու իրավունքը պաշտպանեց դատարանը, ի՞նչ է նշանակում երկրորդ անգամ նորից մտնում են։ Դրա համար կա ընթացակարգ, կարելի է բողոք բերել վերաքննիչ դատարան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբայր, արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալելու փաստին, այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանն ահազանգեց՝ իրականում նման պրակտիկա են ձևավորել․ այսինքն՝ մեկ անգամ փորձում են 72-ժամյա ռեժիմով, մերժում են ստանում, դատական իշխանությունը գտնվում է օրենքի կողքին, իր գործն է անում, և դրանից հետո նույն բանն են տանում մեկ այլ դատավորի մոտ․ «Մարդ ես՝ մեկ էլ ստացվի։ Սևով սպիտակի վրա կիրակի օրը հրապարակված որոշման մեջ նշված է, որ այն երկու հիմքերը՝ փախուստի վտանգ և միջամտելու վտանգ, նշված է, որ այդքան բարձր չէ, որ անձը կալանավորվի։ Հիմա ի՞նչն է փոխվել։
Այստեղ անձնական ասեմ, չեմ էլ ուզում ասել, որ սա արցախցի լինելով է պայմանավորված, բայց այդ թվում նաև այդ վարկածն է մտքներովս անցնում։ Սա բացառիկ բան է, իրավական պետության հիմքերի հետ կապ չունեցող բան է։ Այն զրոյացնում է դատական երաշխիքները։ Էլ երաշխիքն ո՞ւմ է պետք, որ լրիվ նույն հիմքերով կարող ես մտնել։ Ո՞նց կարելի սենց բեսպրեդել, մարդ կարող է գլուխը դնել բարձին՝ իմանալով, որ ինքը պատասխանատու է այս ոլորտի համար մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց տարրական այսպիսի խայտառակ պրակտիկա է ձևավորվում ու ՄԻՊ-ը ոչ մի բան չի՞ անում։ Փախուստի հիմքի մասով ամրանում է մեր՝ այն պնդումը, որ եթե Արամ Երիցյանը փախչող լիներ, 2,5 օր ազատ էր։ Փաստորեն յուրաքանչյուրս պետք է իմանանք, որ եթե ունենում ենք իրավաչափ դատական ակտ, դա բավարար չէ, մի անգամ էլ երկրորդ հարվածին պետք է պատրաստ լինենք։ Սա խայտառակ պրակտիկա է․ ո՞ր երկրում ենք նման բան տեսել»։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ րոպե առաջ ՍԴ դիմում պետք է ներկայացնել․ «Սա այն հարցն է, որ այս վարքագծի մեջ չի կարող որևէ ՍԴ սահմանադրականություն տեսնել»։
Կարդացեք նաև
Նշենք, որ այս պահին Արամ Երիցյանի կալանավորման հարցը քննարկվում է դատարանի Աջափնյակ 1 նստավայրում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ