«Ազատություն» ռ/կ. «Լայնածավալ սադրանք», մեկնաբանելով Կուրսկի մարզում ռազմական գործողությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստի ընթացքում։
«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել։ Նրանք անկանոն կրակում են տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից՝ քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», – հայտարարել է Պուտինը՝ փոխվարչապետ Դենիս Մանտուրովին հանձնարարելով համակարգել Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում քաղաքացիական գերատեսչությունների աշխատանքը:
Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ սահմանամերձ Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակումը կասեցվել է։ Գերասիմովը պնդել է, որ ռուսական ուժերը շարունակում են «ոչնչացնել թշնամուն» սահմանամերձ շրջաններում:
Պաշտոնական Կիևը մինչ այս պահը չի մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի տարածք։
Կարդացեք նաև