Օգոստոսի 8-ին Երևանում կբացվի «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչները ՀՀ կառավարությունից մասնակցության հաստատում դեռ չեն ստացել։ Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ-ում գործող 11 դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ․ այս մասին այսօր, «Sputnik-Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրեց ԲՐԻԿՍ–ի բիզնես ինկուբատորի տնօրեն, ՇՀԿ անդամ պետությունների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնի տնօրենի խորհրդական Տատյանա Սելիվերստովան։
Համաժողովի արդյունքում, Երևանում կգործարկվի գործարար համագործակցության «Հայաստան–ԲՐԻԿՍ» մշտական կենտրոն, որի նպատակն է՝ երկկողմ գործարար կապերի հաստատումը․ «Հայ գործարարները կարող են այդ կենտրոն դիմել օտարերկրյա գործընկերներ գտնելու և տնտեսական համագործակցության համար, հայկական նախագծերը ԲՐԻԿՍ–ի տարածքում մասսայականացնելու նպատակով ներդրումներ գտնելու համար»։
Կենտրոնի հիմնադիրն ու մեկենասը գործարար Մհեր Ավետիսյանն է։
«ՀՀ տնտեսական ներուժը բավական մեծ է, մինչդեռ հայ գործարարները չեն կարողանում օգտվել իրենց նախագծերը ճիշտ ներկայացնելու հնարավորություններից։ Մենք ցանկանում ենք թվերով ցույց տալ, որ ԲՐԻԿՍ–ի հետ Հայաստանի համագործակցությունը շատ ավելի շահավետ կլինի, քան ԵՄ–ի հետ։ Մեր նպատակն անկյունները սրելը չէ, այլ իրականությունը ցույց տալը․ այն է՝ ՀՀ–ն ՌԴ-ի և ԲՐԻԿՍ–ի անդամ շատ երկրների համար կարևոր գործընկեր է»,-ասաց բանախոսը։
Կարդացեք նաև
Ի դեպ, Տատյանա Սելիվերստովան տեղեկացրեց, որ ստիպված են եղել երեք անգամ փոխել գործարար համաժողովի անցկացման վայրը՝ տարբեր խնդիրներով պայմանավորված։ Համաժողովին մասնակցելու համար, առցանց հայտագրվել է ավելի քան 600 մասնակից։ Համաժողովի արդյունքում կընդունվի բանաձեւ, որը խորհրդատվական բնույթի կլինի Հայաստանի համար․ «ՀՀ–ն արդեն հայտ է ներկայացրել ՇՀԿ–ում դիտորդ անդամի կարգավիճակի համար։ Հույս ունենք, որ առաջիկայում նաև ցանկություն կունենա միանալու նաև ԲՐԻԿՍ–ի ոչ ֆորմալ ձևաչափին` համատեղ իրականացնելու տնտեսական և հումանիտար նախագծեր»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ