Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվություն ունի՞ պահի իշխանությունը: Ահռելի ու աններելի. Սամվել Ֆարմանյան

Օգոստոս 07,2024 17:44

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչի մասին չենք խոսում…

Հայաստանի 3-րդ հանրապետության առանցքում, ուզեք, թե չուզեք, արցախյան հակամարտությունն էր: Պետության ծնունդը, ժողովրդի զոհողությունները, անկախության իմաստն ի վերջո հանգեցվում էր այդ խնդրի հայանպաստ լուծմանը:

Չկա մեկ այլ խնդիր, որի մասին մեզանում այդքան խոսվել ու գրվել է վերջին 36 տարում: Ու թվում է, թե ասվել է ամեն ինչ: Բայց…

Խնամքով շրջանցվել է այդ հիմնախնդրի ամենաէական առանձնահատկությունը՝ արցախյան հակամարտությունը երբեք էլ չի եղել զուտ հայ-ադրբեջանական երկկողմ հակամարտություն (եթե այդպես լիներ, այն վաղուց ու հեշտությամբ լուծված կլիներ): Այդ խնդրում մշտապես հատվել են տարածաշրջանային ու գլոբալ խաղացողների փոփոխական ու անշրջանցելի շահերը: Ու դա բնական է. այդպիսին է աշխարհակարգը:

Հետևաբար, ծիծաղելի է մեզանում բույն դրած քաղաքական քարոզչությունը, թե ինչու այս կամ այն առաջնորդին ու իշխանությանը չի հաջողվել լուծել այդ խնդիրը: Ավելի ծիծաղելի է, երբ միմյանց փոխարինած իշխանություններն իրար մեղադրում են իրենց կառավարման շրջանում բանակցային սեղանին դրված փաստաթղթերի ավելի կամ պակաս հայանպաստ լինելու մեջ: Մեղադրանքներ, արդարացումներ… մանկապարտեզի մտավարժանքներ, որոնց օգտակարությունը ներքաղաքական շահարկումներից այն կողմ չեն անցնում:

Ո՛չ Հեյդար Ալիևն եւ նրա նախորդներ Էլչիբեյն ու Մութալիբովը, ո՛չ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձին-առանձին ու ո՛չ էլ բոլորը միասին վերցրած ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ այդքան ուժ՝ լուծելու այդ խնդիրը՝ անկախ լուծման բովանդակությունից: Նրանցից ամեն մեկն ուղղակի իր ժամանակի մեջ փորձել է խնդրի շուրջ տիրող միջազգային կոնյունկտուրայում ստանալ իր երկրի համար բանակցային հնարավոր ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ:

Իսկ սեղանին դրված բանակցային փաստաթղթերը առաջին հերթին արտացոլել են, ի դեմս միջնորդների, տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների այդպահային շահերը: Ժամանակի ընթացքում այդ շահերի քարտեզում տեղի ունեցած փոփոխություններն էլ պայմանավորել են տարբեր փաստաթղթերում տեղ գտած տեղաշարժերը: Սա է իրականությունը:

1988-1994 թթ. պատմական շրջափուլում ստեղծված կոնյունկտուրան արտոնել է հայկական կողմի հաղթանակը: Դրան հաջորդած շրջափուլում այդ նույն կոնյունկտուրան արտոնել է ստատուս-քվոյի պահպանումը 1994-2018 թթ.: Երկու դեպքում էլ դա տեղի չէր ունենա առանց հայաստանյան իշխանությունների խելամտության, ջանքերի ու պահի ճիշտ գնահատման: 2018-2023 թթ. շրջափուլում, նույն կերպ, հակամարտության շուրջ միջազգային կոնյունկտուրան ցավալիորեն արտոնել է Հայաստանի պարտությունը:

Պատասխանատվություն ունի՞ պահի իշխանությունը: Ահռելի ու աններելի. նախևառաջ ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու ու առավելագույն հնարավորը ձեռքից բաց թողնելու հարցում կատարյալ ձախողման հարցում: Հետո մնացածը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031