Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,1 տոկոսով։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 1 007 346 զբոսաշրջիկ, այս տարվա նույն ժամանակահատվածում այդ այցելուների թիվը կազմել է 946 162։ Այս տեղեկությունն օրես հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Օրինակ՝ 23,8 տոկոսով նվազել է Ռուսաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Բայց զուգահեռ եվրոպական մի շարք երկրներից այցելությունների ծավալն ավելացել է։ Մասնավորապես, առաջին կիսամյակում Ֆրանսիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 18,9, Իտալիայից այցելությունների թիվը՝ 44, Իսպանիայից՝ 25,9 տոկոսով։
Տուրիզմի հայկական ֆեդարացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառներին։ Նրա խոսքով՝ ընդհանուր հոսքերի նվազման վրա, իհարկե, մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանից այցելությունների նվազումը։ Ընդհանուր զբոսաշրջային այցելությունների մեջ շուրջ 50 տոկոսը կազմում էին Ռուսաստանից այցելությունները, այս նվազման պայմաններում ՌԴ-ից այցելությունների մասնաբաժինն արդեն կազմում է 41 տոկոս։
«Բայց, այնուամենայնիվ Հայաստան ընդհանուր այցելությունները նվազել են 6,1 տոկոսով։ Սա մի քանի գործոններով է պայմանավորված։ Իհարկե, աշխարհաքաղաքական իրավիճակը կարեւոր գործոններից մեկն է, որն իրական բացասական ազդեցություն ունենում է։ Աշխարհաքաղաքական իրավիճակը պոտենցիալ զբոսաշրջիկների մոտ զգուշավորություն անպայման առաջացնում է եւ իր բացասական ազդեցությունն ունենում է։ Բացի դրանից, մեզ համար շատ կարեւոր շուկա հանդիսացող երկրների՝ եվրոպական երկրների, ԱՄՆ, Ճապոնիայի արտգործնախարարությունների կայքերում Հայաստանը ցավոք դեռեւս ներկայացվում է կարմիր սահմանագծերով, այսքին՝ այցելությունների համար ոչ այնքան անվտանգ։ Սա նույնպես իր ազդեցությունն ունենում է»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջային հոսքերի նվազման վրա ազդել է նաեւ Հայաստանում առկա գնաճը։ «Գներն աճել են, ընդ որում, կարելի է ասել՝ ինչ-որ տեղ անհարկի գնաճ է։ Այսինքն՝ պարզապես նախորդ տարիների զբոսաշրջիկների շեշտակի աճերի էյֆորիայի տակ որոշեցինք, որ կարելի է գներն էլ բարձրացնել ու միագամից հարստանալ։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների՝ դրամով արտահայտված գնաճ ունենք, բայց դրան գումարվել է նաեւ դրամի խիստ արժեւորումը։ Եթե մենք 10 տոկոսով ընդհանուր գնաճ ենք ունեցել, ինչը բնորոշ է նաեւ ամբողջ աշխարհին, բայց առանձին զբոսաշրջային փաթեթներում ներառվող կարեւոր ծառայություններ, ինչպիսիք են տրանսպորտային, հանրային սննդի ծառայությունները, եւս թանկացել են։ Օրինակ՝ էապես ավելացել է հանրային սննդի ծառայությունների գինը։ Այսինքն՝ այս ոլորտում ավելի քան 10 տոկոս գնաճ կա, ընդհանուր գնաճից բացի։ Սրան էլ գումարվել է շուրջ 30 տոկոսով դրամի արժեւորումը, եւ արտարժույթով ստացվում է, որ մեր զբոսաշրջային արդյունքի գինն առնվազն 50 տոկոսով թանկացել է։ Այս բոլոր գործոններն արդեն սկսում են իրենց զգացնել տալ։ Եվ հիմա սա մեզ համար պետք է ծառայի որպես ահազանգ, մենք պետք է լուրջ վերանայենք մեր քաղաքականությունը։ Եվ մասնավոր հատվածը գնային քաղաքականությունը պետք է վերանայի, հաշվարկ պետք է անենք, եւ պետական հատվածը նույնպես՝ ինչ հարկաբյուջետային քաղաքականություն վարենք, հարկային ինչ բարեփոխումներ անենք։ Թանգարանների տոմսերի գները նույնպես բարձրացել են, ճոպանուղին է, չգիտես ինչու, որոշել, որ պետք է տոմսերը թանկացնի։ Մենք պետք է ուշքի գանք, վերանայենք մեր քաղաքականությունը եւ բոլոր հատվածներում համապատասխան քննարկումներ անենք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ