«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը միանում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տեղեկատվական արշավին, որի հիմնանպատակը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP 29) ընդառաջ միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի հանդեպ Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության բացահայտումն է և դրա զոհերի շահերի պաշտպանությունը։
Ընդհանուր համաձայնությամբ, ներառյալ ՀՀ-ի՝ COP 29-ը անցկացվելու է Բաքվում, սակայն այս համաձայնությունը պետք է առիթ հանդիսանա, որպեսզի բացահայտվեն մարդու իրավունքների համակարգային և կոպտագույն խախտումները, որոնց գլխավոր զոհը դարձել են 2020-2023 թթ․ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ու ահաբեկչության հետևանքով լիակատար բռնազավթման ենթարկված Արցախի Հանրապետության և ՀՀ բնակիչները, որոնց մի մասը ապօրինի գերված է, և իբրև քաղաքական պատանդ պահվում է Բաքվի բանտերում՝ ենթարկվելով խոշտանգումների ու դատաիրավական ապօրինի ճնշումների։ Իսկ Արցախի 120 հազար հայ քաղաքացիներ ցեղասպանությունից վերապրածի կարգավիճակով ստիպված լքել են իրենց հայրենի հողը՝ զավթիչներին թողնելով Արցախի հազարամյա պատմություն ունեցող հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչպես և բազմամիլիարդ նյութական հանրային ու մասնավոր սեփականությունը, որն արդեն հետևողականորեն յուրացվում և շատ անգամ փաստացի բարբարոսաբար ոչնչացվում է Ադրբեջանի կողմից։
Կարդացեք նաև
COP 29-ի անցկացումը Բաքվում չի կարող նշանակել Ադրբեջանի հակահայ ապօրինի գործողությունների անպատժելիություն․ Ադրբեջանը միջազգայնորեն պարտավորություն է կրում հայ պատանդներին, այդ թվում Արցախի Հանրապետության ութ առաջնորդներին աննախապայման ազատ արձակելու։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, համահայկական այս արշավի շրջանակներում նախատեսում է իրազեկման գործողություններ իրականացնել մի քանի ուղղություններով․
ա) 23 հայ պատանդների հայրենադարձումը, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ծավալված ահաբեկչական գործողությունների ընթացքում շուրջ 80 բռնի անհետացածների և մոտ 300 անհետ կորածների մասին հնարավորին ամբողջական տեղեկությունների բացահայտումը,
բ) միջազգային երաշխիքների ներքո Արցախի ժողովրդի անվտանգ հավաքական վերադարձի հարցի բարձրացումը և դրան ուղղված գործուն քայլերի մշակումը,
գ) հրատապ է Արցախի հոգևոր մշակութային և նյութական ժառանգության պաշտպանությունը միջազգային պատկան կառույցների մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ՝ սփյուռքի հայկական և տարբեր երկրների իրավապաշտպան, քաղաքական կազմակերպությունների հետ համատեղ անհրաժեշտ միջոցառումների կազմակերպումը։
Ադրբեջանը չի կարող խուսափել միջազգային իր պարտավորությունների կատարումից։ ՄԱԿի անդամ պետությունները պետք է հասնեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (1992 թ.) և ցեղասպանության կոնվենցիայի (1948 թ.) պահանջների անվերապահ և արդյունավետ կատարման:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ