Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցի կարգավորումը Հայաստան-Ադրբեջան պայմանագրի անբաժանելի մաս է, առանց այդ դրույթի խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել»․ Անդրիաս Ղուկասյան

Օգոստոս 07,2024 13:59

«Տոյվո Կլաարի հայտարարությունն արձանագրում է ճշմարտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի հայերի՝ Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ հետագայում կարգավիճակը որոշելուն վերաբերող հարցերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, եւ որ Բաքվի եւ նրանց միջեւ ուղղակի բանակցություններ կլինեն՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի շուրջ։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ սա նշանակում է, որ առանց այդ դրույթների խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել, նման պայմանագիր չի հաստատվի ԵԱՀԿ-ի կողմից։ «Այս պահի դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ հովանու ներքո ձեւաչափով են որոնում Արցախի խնդրի եւ խաղաղության պայմանագրի կարգավորման հարցերը։ Եվ այդ ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի պարտականությունն է` կարգավորել Արցախի հարցը։ Կարգավորման բանաձեւը հայտնի է հանրությանը Մադրիդյան սկզբունքների տեսքով։ Այդ խնդիրը պայմանագրի անբաժանելի մասն է»,- հավելեց նա։

Հայաստանի իշխանությունների վերջին տարիներին վարած քաղաքականության հետեւանքով Արցախի հարցը կարծես դուրս է բերվել բանակցային գործընթացից։ Մեր հարցին, թե այսինքն՝ եվրոպացի պաշտոնյաներն այսպիսով ասում են, որ Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգո՞ւմ է, հարցը փա՞կ չէ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունները, իմ կարծիքով, քարոզչական նպատակով էին այդպիսի հայտարարություններ անում։ Հայաստանը եւ Ադրբեջանն ունեն պարտավորություն՝ կարգավորել Արցախի հարցը, այդ պարտավորությունից իրենք չեն կարող հրաժարվել։ Ուստի, երբեւիցե չէր կարող լինել խաղաղ կարգավորման պլատֆորմ, որը կշրջանցեր այդ հարցերը։ Բազմիցս հայտարարվել է միջազգային տարբեր բարձր ատյաններում՝ ե’ւ ԱՄՆ, ե’ւ ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ Արցախի հարցն ուժով լուծում չի կարող ունենալ։ Այսինքն՝ պատերազմի եւ էթնիկ զտման հետեւանքով հայերը տեղահանվել են Արցախից, եւ այդ արդյունքը չի կարող համարվել օրինական»։

Ի՞նչ նկատի ունեն ԵՄ պաշտոնյաները, երբ խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ի՞նչ պայմաններով պետք է լինի վերադարձը, միջազգային մեխանիզմների ներքո՞։ Այս հարցին Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Իհարկե, խոսքը գնում է միջազգային երաշխիքների մասին։ Եվ այդ ամբողջը մանրամասն նկարագրված է Մադրիդյան սկզբունքներում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031