Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության, չարության, խաբեության պատճառը սրտի խնդիր է, օրենքի խնդիր չի. Աշոտ Աշոտ

Օգոստոս 07,2024 13:16

Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց յուրօրինակ մի ցուցահանդես, ներկայացվեցին գործեր՝ հավաքորդ եւ գործարար Սերգեյ Ջավադյանի հավաքածուից, մասնավորապես Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) եւ Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) ստեղծագործությունները: Այս արվեստագետները «Երրորդ հարկ» խմբի անդամներ էին: Նրանք հավաքվում էին Օֆենբախի «Բունկեր» արվեստանոցում։ Aravot.am-ը զրուցել է «Բունկեր»-ական արվեստագետ Աշոտ Աշոտի հետ, որը հատուկ ցուցահանդեսի առիթով Ֆրանսիայից Հայաստան  էր ժամանել:

«Այս ցուցադրությունը մեծ պատմական եւ մշակութային նշանակություն ունի, որովհետեու ցուցադրված գործերն արվել են 90-ական թվականներին եւ մոտ  35-40 տարի լույս չեն տեսել: Այսօր մենք այդ պատմական շերտը ցուցադրում ենք՝ շատ հետաքրքիր տեսանկյունից: Այն թվերը, որոնք հայ ժողովուրդը որպես դառը, չհաջողված տարիներ է պատկերացնում, չեք տեսնի նման բան նկարիչների գործերում, որովհետեւ նկարիչներն ուրիշ տեսակ են նայում աշխարհին»,- Aravot.am- հետ զրույցում ասաց Աշոտ Աշոտը:

Աշոտ Աշոտը(ձախից), Արման Գրիգորյանը եւ Ռուբեն Արեւշատյանը

«Մենք այն տարիներին ոչ մի բան չունեինք ոչ պետությունների, ոչ ռեժիմների դեմ, մեզ մարդն էր հետաքրքում, եւ, բնականաբար, արտիստի, նկարչի դերը մարդու կարծր սիրտը փափկեցնելն է, եթե դա մեզ չհաջովի, այլեւս ոչինչ չի  հաջողվի, որովհետեւ օրենքն անընդհատ կիրառվում է, բայց արդյունք չի տալիս, հետո կարիք է լինում նոր օրենքի…Մեզ անընդհատ  թվում է՝ եթե օրենքները փոխվեն, մարդը կփոխվի, բայց մինչեւ մարդու սիրտը չփոխվի, ոչինչ չի փոխվի, դրա համար արվեստի նպատակը մարդու սիրտը փոխելն է: Շատ ժամանակ մեր ստեղծագործությունները մեկնաբանվում են որպես բողոք հասարակության, պետության, ռեժիմի դեմ, դա սուտ է, մինչդեռ մեր իրական  նպատակն ինչպես նշեցի, մարդու սիրտը փափկեցնելն է, որովհետեւ դա է հարցի լուծումը: Բռնության, չարության, խաբեության պատճառը սրտի խնդիր է, օրենքի խնդիր չի… Իսկ նկարիչն այն անձն է, որը սրտի խնդիր է լուծում»,-ասաց նկարիչը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հենրիկ Իգիթյանին եւ նրա հիմնադրած Ժամանակակից արվեստի թանգարանին: «Հենրիկ Իգիթյանի կատարածը մի հրաշք էր, ես իրեն շատ եմ գնահատում, որովհետեւ նա արեց մի բան, որը չէր անում ուրիշ մեկը… Եթե դա հեշտ լիներ, մենք ոչ թե մեկ, այլ  մի քանի ժամանակակից արվեստի թանգարան կունենայինք … Հենրիկ  Իգիթյանը սիրում էր նկարիչներին: Իր նախաձեռնությամբ գալիս էր նկարիչների մոտ, զրուցում էր, նայում էր… Ինքը պաշտպանում էր նկարիչներին: Իսկ թե այսօրվա օրով ձեր նշած Ժամանակակից արվեստի թանգարանը ժամանակակից է, թե ոչ, անձի խնդիր է, անձը պետք է փոխի…»,-հավելեց Աշոտ Աշոտը:

Խնդրեցինք մի հետաքրքիր դրվագ պատմել: «Երբ ես մեկնում էի Հայաստանից Փարիզ, 1993 թվականն էր: Ես այն ժամանակ Պիոներ պալատում էի աշխատում, տնօրենը շատ հետաքրքիր մարդ էր, ազգանունը կարծեմ Սահակյան էր… Երբ գնացի, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, հարցրեց՝ ընդմի՞շտ ես գնում, ասացի՝ երեւի… Մեկ էլ մտածեց ու ասաց՝ դա էլ հայկական մշակույթը փրկելու հնարավորություն է…Ես շատ ազդվեցի նրա խոսքերից…»,-ասաց նկարիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031