ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական մամուլում հեգնանքով ու անվստահությամբ են վերաբերվում Շոյգուի այցի և Իրանի հարցում նրա ստանձնած դերին
Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը, որը իրենց պետական քաղաքականությունը ներկայացնող կարևոր աղբյուրներից է, գրում է․ «Սերգեյ Շոյգու՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, լավ է հնչում։ Բայց իրականում նա պաշտպանության այն նախարարն է, որը պաշտոնանկ արվեց Ուկրաինայում ձախողումների պատճառով․․․»։
Ըստ հրապարակման՝ Շոյգուն փորձում է Իրանը փրկել «ցուցադրական ջախջախումից», բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու։
Կարդացեք նաև
«Իրանի շուրջ իրավիճակի զարգացումը դեժավյու է թվում։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռները ճիշտ նույն «չեզոք միջանցքով» թռան Կասպից ծովի վրայով 44-օրյա պատերազմի նախօրեին և դրա ընթացքում, որից հետո Իրանի օդային տարածքով «շրջվեցին» դեպի հյուսիս և հասցրին իրենց մահաբեր բեռը Հայաստան, որտեղ նրանք ծրագրում էին «նոր պատերազմ հանուն նոր տարածքների», մուտք դեպի Կուր, Բարդայի, Թարթառի և Գյանջայի գրավում, իսկ եթե բախտները բերեր, ապա «թեյախմություն Բաքվում»: Այնուհետև Շոյգուն նույնպես եկավ Բաքու և վստահեցրեց, որ այդ ինքնաթիռները «շինարարական նյութեր» են մատակարարում։ Այսօր նրանց բեռները կարելի է տեսնել Բաքվի ռազմավարի պուրակում։ Պատերազմն ավարտվեց Հայաստանի ջախջախմամբ»։
Այստեղ ուշագրավ է, որ մի կողմից Բաքվին դուր չի եկել Շոյգուի այցն ու նրա ուղերձները, մյուս կողմից՝ իրենք ակնկալում են Իրանի «ջախջախում»։ Դեռ չեմ խոսում այն ստերի մասին, որոնք նրանք հորինում են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի վերաբերյալ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանն է կազմակերպել Իսրայելի մուտքը տարածաշրջան՝ ապահովելով ներկայություն Իրանի սահմանների երկայնքով՝ օկուպացված Արցախում, ապա Բաքուն հստակ կողմ է Իրան-Իսրայել հակամարտության մեջ։ Սա հակասում է Ալիևի ստանձնած տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների պարտավորություններին ՌԴ-ի ու Չինաստանի հանդեպ։ Դրա համար էլ այցը միանշանակ չի գնահատվել։
Ալիևի համար երկու աթոռի վրա միաժամանակ նստելու գործը գնալով բարդանում է, ցավալին էլ այն է, որ Հայաստանը որպես պետություն ոչ մի կերպ չի օգտվել ու չի օգտվելու Ադրբեջանի ձախողումներից ու սխալներից, քանի որ այդ երկրից եկող սպառնալիքների ընկալումը «հարմար չէ» ՀՀ իշխանություններին, դրա համար այդ վտանգների դրա մասին լռում են․․․