Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ամեն ինչ «հարաբերական» է

Օգոստոս 07,2024 10:00

Քանի որ օլիմպիական խաղերի բացման հետ կապված աղմուկը շատ էր, ես որոշեցի ուշացումով նայել «խնդրահարույց» դրվագը: Մեծ հարգանք ունեմ այդ ներկայացման մեջ վիրավորանք նկատած քրիստոնյաների եւ մահմեդականների հանդեպ: Բայց ես կապույտ Դիոնիսի կերպարի եւ նրան նվիրված տոնակատարության մեջ Լեոնարդոյի «Վերջին ընթրիքի» ակնարկ չտեսա: Կոմպոզիցիոն կառուցվածքը, ինչպես նաեւ գործող անձանց շարժումները իմ ընկալամբ ամենեւին չէին հիշեցնում Քրիստոսին եւ առաքյալներին:

Բայց, ընդհանուր առմամբ, նման «պերֆորմանսները», ինչպես եւ օրինակ՝ վերջին «Եվրատեսիլի» որոշ կատարումներ, ինձ վրա ծանր տպավորություն են թողնում: Այդ ներկայացումների մեջ կա «կապը կտրած» ինչ-որ համահարթեցում, հավասարեցում, ռելյատիվիզմ, որն, այո, այսօր թրենդային է, բայց բացարձակապես իմ սրտով չէ:

Ինչի՞ մասին է խոսքը: Ինձ համար գոյություն ունի հստակ հիերարխիա՝ վերեւը եւ ներքեւը, երկինքը եւ երկիրը, անմահը եւ մահկանացուն, սրբազանը եւ աշխարհիկը, գեղեցիկը եւ տգեղը, բարին եւ չարը, պարկեշտ մարդիկ եւ ավազակներ, տաղանդներ եւ միջակություններ, եւ այլն:
Ժամանակակից, ծայրահեղ ձախ մտածողությունը այդ բոլորի մեջ հավասարության նշան է դնում եւ կոչ է անում անսահման «կոռեկտության», որը չի ցանկանում տարբերություն դնել այդ երեւույթների միջեւ:

Ինձ համար կինը կին է, տղամարդը՝ տղամարդ: Մարդը պետք է ունենա հայր եւ մայր: Ամուսնությունը կնքվում է կանանց եւ տղամարդկանց միջեւ: Իհարկե, աշխարհում եւ Հայաստանում կան միլիոնավոր մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Նրանց նույնպես վերաբերվում եմ ամենայն հարգանքով:

Սակայն ասեմ, թե ինչ վտանգ եմ ես տեսնում այստեղ: Եթե մերժվում է ցանկացած ինքնություն, եթե ամեն ինչ խոսելու եւ պայմանավորվելու վրա է, այսպես ասած՝ սոցիալական կոնստրուկտ է, ապա, այդ սկզբունքը հետեւողականորեն կիրառելու դեպքում, իմ համաքաղաքացիները կարող են գալ այն եզրակացության, որ միեւնույն է՝ իրենք հա՞յ են, թե՞ թուրք, ապրում են Հայաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում…

Դրա որոշ նախանշաններ ես արդեն իսկ տեսնում եմ մեր հասարակության մեջ: Եվ դա, գուցե վատ չէր լինի, եթե Թուրքիայում եւ Ադրբեջանում ճիշտ նույն ձեւով մտածեին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ծայրայեղ եւ արմատական, իբրեւ թէ «յառաջդիմական» դաւանանքին նպատակը՝ հաւասարութիւնը չէ:

    Այդ վարդապետութեան գործիչները, ուզում են որ որեւէ ընկերային-կենցաղային փոքրամասնութիւն տիրապետէ, գերիշխէ, երբ որ ուզէ իր կամքը պարտադրէ՝ մեծամասնութեան: Եւ վերջինս պէտք որ միայն լռէ:

    Օրինակի համար, բաւարար չէ որ միասեռականները ուզեն ամուսնանալ (պահանջում են անպայման այ՛դ բառը գործածել, եւ ոչ թէ որեւէ ուրիշ բառով մը՝ օրինական գետնի վրայ, լրիւ ամուսնութեան համազօր միացումի հնարաւորութիւնը ունենալ) : Ապա նոյն սեռի, այդպէս միացած անձերը, այլազան ձեւերով, դառնում են՝ ծնողներ: Եւ հիմա, պէտք է որ պարբերաբար լսենք «մասնագէտներ», ըստ որոնց, այդ ընտանիքների երեխաները՝ աւելի՛ լաւ կը մեծանան, աւելի բախտաւոր ու առանձնաշնորհեալ են, քան թէ աւանդական հայ-մայր ունեցողները:

    Իսկ Applesի CEO-ն չգոհազաւ, յայտնելով որ ինք միասեռական է: Այլ ուզեց աւելցնել որ միասեռական լինելը, Աստուծոյ իրեն ընծայած նուէրն է: Իր ըսածը ուրեմն այն է որ, եթէ միասեռական չըլլար, զրկուած պիտի ըլլար երկնային նուէրից: Այսինքն, ինք հաւասար չէ մեզի, Աստուծոյ այդ նուէրից զրկուած, խեղճ ու հասարակ ոչ-միասեռականներս, այլ ինք մեզանից աւելի լաւն է, քանի որ ինք միասեռական է: Աստուած զինք աւելի կը սիրէ: Եւ այս անձին արտադրած «խելացի» կիզմօ-ներով կը դաստիարակուին աշխարհի երեխաներն ու պատանիները…

    Այսպիսի բաներ կը տեսնենք ու կը լսենք ամէ՛ն օր, օրը մի քանի անգամ: Տարիներէ՜ ի վեր: Անդադար ու տեւաբար: Եւ, իրաւունք չունինք հակաճառելու…

    Ի դէպ, այսպէս է կացութիւնը միայն այն երկիրներուն մէջ ուր, տուեալ փոքրամասնութիւնները այլեւս կարիքը իսկ չունին որեւէ յատուկ, արտակարգ, բացառիկ, պաշտպանութեան:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ says:

    Ոչինչն էլ հարաբերական չէ,պարզապես աշխարհի խոշոր ֆինանսների սեփականատերերը մեզ թելադրում են լավի և վատի չափանիշները,ելնելով ֆինանասական հաշվարկներից։
    Այսօրվա, երեկվա ,նաև վաղվա հումանիզմի,արվեստի,առողջ ապրելակերպի և այլ չափանիշները ներմուծված են են տնտեսագիտական բարդ հաշվարկների արդյունքում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031