Այս օրերին, երբ Փարիզում ընթանում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, Գյումրու քաղաքային իշխանությունը մեր ըմբշամարտիկների մրցելույթները դիտելու հնարավորություն ստեղծել է հենց Գյումրու Վարդանանց հրապարակում։
Աթոռներ ու մեծ էկրան տեղադրելով՝ նրանք դեռ երեկվանից հորդորում էին բնակիչներին դուրս գալ տներից, իջնել հրապարակ, միասին դիտել մրցելույթներն ու երկրպագել մարզիկներին։
Գյումրեցիները, հատկապես երիտասարդները, անսալով քաղաքային իշխանության հորդորին, եկել էին հրապարակ։
Կարդացեք նաև
Աննկարագրելի տեսարան էր Արթուր Ալեքսանյանի մրցապայքարի ժամանակ․ թեև գյումրեցիները վստահ էին, որ իրենց չեմպիոնը երբեք չի պարտվի, այդուհանդերձ զգալի էր, որ անհանգիստ էին։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մի պահ քարացել էր, վայրկյաններ անց սկսվեցին բացականչություններ, «Արթո՜ւր, Արթո՜ւր» վանկարկումներ ու այնպիսի աղմուկ, որ այլևս ոչ մի բառ չէր լսվում։
Միախառնվել էին ուրախությունն ու հուզմունքը։
Վաղը նույն հրապարակից հետևելու են չեմպիոնի եզրափակիչ մրցելույթին, ով կպայքարի կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար։
Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով գյումրեցիների՝ չեմպիոնին երկրպագելուց մի դրվագ, գրել է․ «Սպորտային Գյումրի․ անկեղծ ասած՝ այսպիսի էմոցիա չկա…. հպարտություն, ուրախություն և փառք։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. ՎԱՂԸ 19:00 ՝ եզրափակիչ»։
Հիշեցնենք,որ 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ եւ հաղթեց 5:3 հաշվով:
Գյումրեցի օգտատերերն արդեն իսկ իրենց էջերում կատակում են, թե ոսկին այս քաղաքում այնքան շատ է, որ իր արժեքը կորցրել է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ