Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. «Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում: Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով:
Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»:
ԵՄ պաշտոնյան նաեւ ասել է. «Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար»:
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարեւոր է համարել ԵՄ պաշտոնյայի այս դիրքորոշումը՝ փաստելով, որ նա, ըստ էության, ԵՄ-ի դիրքորոշումն է արտահայտել եւ հավելել, որ սա արձանագրումն է նրա, որ Արցախի հարցը դեռեւս լուծված չէ:
Կարդացեք նաև
Արցախի շրջափակման ողջ ընթացքում եւ դրանից առաջ՝ 2020 թվականի պատերազմին հաջորդած շրջանում Տոյվո Կլաարը չեզոք միջնորդի դիրքից հանդես չեկավ, այլ աչքի ընկավ ակնհայտ ադրբեջանամետ կեցվածքով:
Թե ի՞նչն է ստիպել եվրոպացի դիվանագետին կամ ԵՄ-ին՝ վերանայել դիրքորոշումը, Aravot.am-ի հարցին
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Բոլոր գերտերությունները, նրանց ներկայացուցիչները խոսում են՝ տվյալ տարածաշրջանում իրենց երկրների շահերից ելնելով. խոսելով Արցախի ժողովրդի վերադարձի մասին, նրանք խոսում են իրենց շահերի մասին, տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերը թուլացնելու մասին, ոչ թե Արցախի ժողովրդի կամ Հայաստանի շահերը պաշտպանելու: Բայց, միանշանակ ողջունելի է, որ այդ հարթակներում արդեն իսկ սկսել են խոսել Արցախի հայերի վերադարձի մասին: Մեզ ձեռնտու է, որ միջազգային հարթակներում խոսեն Արցախի բնակչության վերադարձի մասին, բայց մենք մեր դիվանագիտությունը պետք է կառուցենք այնպես, որ դրանից օգուտներ քաղենք, ոչ թե լռենք՝ հերթական անգամ թույլ տալով՝ այլ պետությունների միջեւ քաղաքական առեւտուրը, որն, ի վերջո, կարող է նաեւ վնասել ընդհանուր հայկական շահերին: Մենք բազմիցս ենք ասել, որ Արցախի հայերը պետք է վերադառնան Արցախ, պետք է սկսվեն բանակցություններ՝ Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասով: Ցավալի է, որ Հայաստանն այսօր չի խոսում այդ մասին»:
Մեր զրուցակիցը նկատում է՝ Արցախի շրջափակման ողջ ընթացքում «միջազգային հանրույթը» լռում էր՝ Ադրբեջանի վարած ակտիվ եւ Հայաստանի պասիվ, հաճախ հակասական դիվանագիտության արդյունքում: Ադրբեջանն անգամ կարողացավ միջազգային հարթակներում հասնել նրան, որ Հաագայի դատարանի որոշումը՝ Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ չկատարելու արդյունքում որեւէ պատասխանատվություն չկրեց:
Այսօր էլ, Դավիթ Գալստյանի դիտարկմամբ, արցախցիների վերադարձի իրավունքից բոլորն են խոսում՝ բացառությամբ Հայաստանից. «Եվ այն, որ Հայաստանը չի խոսում արցախցիների վերադարձի մասին, տարածաշրջանում հանգեցնում է այնպիսի խնդիրների, որոնք ձեռնտու չեն գերտերություններին: Երբ Ադրբեջանն ազդում է Հայաստանի վրա եւ Հայաստանը գնում է երկկողմ բանակցությունների, արդյունքում Ադրբեջանն անընդհատ Հայաստանին զիջումներ է պարտադրում: Ամբողջի հանրագումարում տարածաշրջանում Ադրբեջանի դերն է մեծանում, ինչը ոչ մի գերտերության ձեռնտու չէ»:
Մեր զրուցակիցը միանշանակ ճիշտ է որակում եւ ողջունելի է համարում եվրոպացի չինովնիկի մոտեցումը, որ զուգահեռ չի անցկացվում, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» բնակիչների վերադարձի հետ, քանի որ դրանք տարբեր երեւույթներ են. «Ադրբեջանցիները Հայաստանից բռնի չեն տեղահանվել, ինչպես Արցախցիները՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում՝ հազարամյակներով Արցախում բնակվելուց հետո: Նրանք իրենց կամքով են վերադարձել Ադրբեջան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ