Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նկատմամբ կարված շինծու քրեական գործերը քաղաքական նպատակ ունեն, ուզում են մեզ լռեցնել ու հնազանդեցնել»․ Գերասիմ Վարդանյան

Օգոստոս 06,2024 20:05

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։

Ամբաստանյալներից Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Նա այս գործով շուրջ 7 ամիս գտնվել է կալանքի տակ, այնուհետեւ գրավով ազատ էր արձակվել։

Ներկայում մեկ այլ գործով Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա անազատության մեջ է։ Խոսքը «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործի մասին է։

Նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձությունների վերաբերյալ հարուցված այս քրեական գործով մեղադրյալները երեքն են՝ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը եւ Գառնիկ Մելքումյանը։ Բագրատ Եսայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) եւ 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկաներից մեկը։ Գերասիմ Վարդանյանի՝ վկային ուղված հարցերը դուր չեկան հանրային մեղադրողին, նա ասաց, որ Գերասիմ Վարդանյանն իր հարցերով ճնշում է գործադրում վկայի վրա։ «Դուք, որ կանչում եք քննչական կոմիտե, վկային ասում եք՝ ցուցմունք տուր, ճնշում չեք գործադրո՞ւմ»,- արձագանքեց Գերասիմ Վարդանյանը։

Իր ելույթում Գերասիմ Վարդանյանն ասաց, որ այս դատավարությունը տեւում է 4 տարի, եւ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Հիմա էլ մեղադրվում եմ մեկ ուրիշ շինծու քրեական գործով, որն իմ նկատմամբ կարվել է։ Այս ամենը, ինչ տեղի է ունենում, քաղաքական նպատակ ունի՝ մարդկանց լռեցնելու, կաշկանդելու, հնազանդեցնելու։ Ես այդ ամենի մեջ ներգրավված մարդկանց ուզում եմ ասել, որ անիմաստ է։ Ես այն մարդկանց, ովքեր այս գործերն իմ նկատմամբ կարում են, ինձ քաղաքական հետապնդումների են ենթարկում ու բանտարկում, մի բան կարող եմ ասել՝ եթե նորից հարկ լիներ այս ամենի միջով անցնելու, թող իմանան, եթե 100 կյանք ունենայի, եւս 100 անգամ այս ամենի միջով անցնելու էի։ Ինձ համար մեր հայրենիքի՝ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի ազատությունից այնկողմ ամեն ինչ բանտ է։ Քանի մենք ազատ չենք, ինձ համար ամեն ինչ բանտ է, տանը, դրսում, թե բանտախցում։ Ինչ տեղի է ունենում, շոու է»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նիստը նախագահող դատավորը նրան հորդորեց հաջորդ անգամ ելույթ ունենալ միայն գործի վերաբերյալ եւ քաղաքական հայտարարություններ չանել։

Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Այն, ինչ ասաց վկան այսօրվա դատական նիստում, հաստատում էր այն փաստերը, որ ոչ Գերասիմ Վարդանյանը, ոչ մյուս մեղադրյալները որեւէ ապօրինի գործողություն չեն արել։ Այդ օրը տարբեր տեղերում եղել են շատ մարդիկ, բայց ընտրվել են այս մարդիկ եւ թիրախավորվել են։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս գործով անցնում են երեք մեղադրյալներ, որոնք երեքն էլ դաշնակցական են։ Այս մարդկանց թիրախավորել են, վստահ եմ, որ վերջում երեքն էլ արդարացվելու են»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Էս դավաճան իշխանությունը բոլոր ոգեղեն և ազգային դեմքերից սաստիկ վախենում է և այդ պատճառով էլ նրանց կալանքի տակ է պահում: Քրեական գործերը կարված են շատ անորակ և չեն կարողանալու շինծու մեղադրանքներն ապացուցեն: Ժամանակի վրա են խաղում, դա թույլիկների մաքսիմում հնարավորությունն է: Իմիջիայլոց, բոլոր քաղբանտարկյալների վարկանիշը օր-օրի բարձրանում է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031