Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, ով իր արձակուրդն անցկացնում է մարզի համայնքները շրջելով ու բնակիչների խնդիրները լսելով, օրերս այցելել է սպանդանոցներ։ Դրանցից մեկը գտնվում է Աշոցքում, մյուսը՝ Հայկաձորում, երրորդն էլ, որը շահագործման էր հանձնվել 3 տարի առաջ, Անի խոշորացված համայնքի Ձորակապ բնակավայրում։
Պատգամավորը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով այդ երեք սպանդանոցներից և ոչ մեկի գործող չլինելը։ Լուսանկարներից երևում է, որ դռները կողպած են, ճանապարհները խոտով ծածկված։
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ Աշոցքի և Հայկաձորի սպանդանոցները կողպած են եղել, իսկ Ձորակապի սպանդանոցում միայն պահակն է եղել։ Նա ճշտել է, որ Ձորակապի սպանդանոցը երեք տարի տարի առաջ է բացվել, սակայն կարճ ժամանակաշրջան աշխատելուց հետո փակվել է։ Պահակին, ըստ պատգամավորի, ամենայն հավանականությամբ, պահում են նրա համար, որ կառույցն ու գույքը չթալանեն։
Կարդացեք նաև
«Այսքանից հետո պահանջել գյուղացիներից, որ սպանդանոցային մորթի ենթարկեն իրենց կենդանուն, անազնիվ է։ Անբարոյական է սպանդանոցային մորթի չենթարկելու համար մարդկանց մեծ տուգանքների ենթարկելը։ Բոլորն էլ կուզենան անվնաս ապրանք գնել, սպանդանոցային մորթի ենթարկված միս գնել, բայց որտե՞ղ են մեր սպանդանոցները, պիտի ստեղծել, նոր պահանջել։
Մեխանիզմը մշակված չէ, ինչպե՞ս են որպես տուգանք՝ գումարներ շորթում։ Վերջերս Մարալիկում տուգանքի էին ենթարկել մեկին, թե սպանդանոցային մորթի չես ենթարկել անասունին, թող ցույց տան՝ որտեղ ենթարկի, երբ կողպած դռների ես հանդիպում, իսկ խոտով ծածկված լինելն ապացույց է այն բան, որ տվյալ սպանդանոցներում վաղուց շարժ չկա, դրանք ուղղակի չեն գործում։
Այս պատմությունը նման է նրան, որ երեխային դասագիրք չտաս, բայց դասագրքից ինչ-որ հանձնարարություններ տաս, պահանջես։ Այդպես էլ չհասկացան, որ Շիրակը գյուղատնտեսական մարզ է, գյուղացուն անտերության մատնելով՝ անտերության ես մատնում երկիրդ», -ասաց պատգամավորը։
Պատգամավորը իր գրառման մեջ խստորեն քննադատել է «նիկոլական իշխանությանը»՝ նշելով, խոսքն ու գործը չեն համընկնում, և նրանք, ըստ Մհեր Մելքոնյանի, նույնիսկ չեն հասկանում, թե ինչ մեծ վնաս են տվել մեր պետությանը՝ սուտ և անբովանդակ խոսելու պատճառով։
«Օրերս այցելել եմ Շիրակի մարզի իբր գոյություն ունեցող սպանդանոցներ, որոնք գտնվում են Աշոցք, Հայկաձոր և Ձորակապ(Գյումրի- Երևան ճանապարհին) համայնքներում։
Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ երեք սպանդանոցներից և ոչ մեկը չի գործում։
Իսկ թե ինչո՞ւ չեն գործում սպանդանոցները, դժվար չէ կռահել։
Կառավարության անդամների, մարզպետների, համայնքապետերի մոտ ամեն ինչ լավ է՝ միայն թղթի վրա։
Իշխանությունները շարունակում են զառանցել՝ ուրախանալով սեփական անամոթությունից»,-գրել է Մհեր Մելքոնյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ