Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հովհ. Թումանյանի անվան տուն- թանգարանը Մոսկովյան 40 հասցեում ժամանակավորապես չի գործում։ Թանգարանն իր ժամանակավոր գործունեությունը ծավալել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Սակայն, այս տարվա տարվա հունվարից այդ աշխատանքները դադարեցված են, մինչդեռ 2026-ին թանգարանը պետք է պատրաստ լիներ կրկին ընդունելու այցելուներին:
Քանի որ աշխատանքների մեկնարկը տրվել էր թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի պաշտոնավարման օրոք, թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց տիկին Եղիազարյանից: Նա տեղեկացրեց, որ մասնագիտական հետազոտություններ էին իրականացվել 2010-ից հետո, պարզվել էր, որ շենքը վթարային հիմք ունի, եւ վերակառուցման եւ հիմնանորոգման անհրաժեշտություն կա: 2019-ին Կառավարության հատուկ որոշմամբ թանգարանի տրամադրվել են միջոցներ նախագծանախահաշվային փաթեթ իրականացնելու, գլխավոր մասնաշենքը (որը հուշարձան շենք է) հիմնանորոգելու եւ 1969-ին կառուցված երկրորդ մասնաշենքը ամբողջապես կառուցելու համար:
Անի Եղիազարյանի ձեւակերպմամբ, հաշվի առնելով թանգարանի 70-ամյա գործունեության պատմությունը՝ ծավալների մեծացումը, թանգարանի միջազգայնացման գործընթացները եւ թանգարանի շենքը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը՝ այդ ամենը ձեւակերպվել էր նախագծային առաջադրանքի մեջ:
Այնուհետեւ նախագծումը շահած կազմակերպության ճարտարապետը թանգարանի հետ համաձայնությամբ եւ համապատասխան նախարարության բաժինների հետ հղկել, ավելի քան մեկ տարի աշխատել էր նախագծի վրա: Հաստատումը եղել է պետական բոլոր համապատասխան կողմերից՝ քաղաքապետարանի կողմից տրվել է շինթույլտվություն, եւ 2023թ. պետական բյուջեով հատկացում է արվել 2023-2025թթ. շրջանում ամբողջական պետական ներդրումով վերակառուցելու եւ հիմնանորոգելու Թումանյան թանգարանը: Աշխատանքները մեկնարկն էլ տրվել էր 2023թ. սեպտեմբերի 2-ից:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից եւս հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված աշխատանքների դադարը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի ստորագրությամբ գրավոր պատասխանում հետեւյալն է նշվում. «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման/վերակառուցման աշխատանքներն ընդհատվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում նախագծային ընկերության կողմից փոփոխություններ կատարելու պատճառով, որոնք պայմանավորված են լիցենզավորված կազմակերպության կողմից տրված նոր սեյսմիկ եզրակացությամբ, ըստ որի գոյություն ունեցող շինության (հիմնական մասնաշենքին հարակից շինություն) պահպանումը նպատակահարմար չէ, հետևաբար, ուժեղացման փոխարեն հիմնական մասնաշենքին հարակից շինությունը պետք է քանդվի և կառուցվի նոր մասնաշենք:
Վերոնշյալ փոփոխություններն աշխատատար են, պահանջում են որոշակի ժամանակ, ինչի հետևանքով ընդհատվել են շինարարական աշխատանքները և երկարաձգվել է աշխատանքների իրականացման օրացուցային գրաֆիկը: Նախագծի վերջնական հաստատումից հետո կհստակեցվեն նաև աշխատանքների իրականացման ժամկետները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ