Ռեժիսոր եւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը «Հայելի» ակումբում, անդրադառնալով իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության հետեւանքով Վերին Լարսի հաճախակի բացվել-փակվելուն, որն, ըստ էության, արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային կապի միակ ճանապարհն է, եւ այս ֆոնի վրա քաղաքացիների հոգեբանության մեջ արմատավորված այն մտածողությանը, թե ստեղծված իրավիճակը փոխելու գործում իրենցից ոչինչ կախված չէ, նկատեց. «Հասարակությունը դեռ 2018 թվականից մի շատ մեծ ստի հավատաց, նրան, որ քայլականները մտածելու են եւ մտածում են հասարակ մարդու, ժողովրդի, ազգի, պետության, պետականության, ինստիտուտների մասին: Դա ամենամեծ սուտն է, որ հնչեց 2018 թվականին եւ որի կուտը կերավ հասարակությունը:
Այդ մարդկանց համար միեւնույն է՝ Լարսը բաց կլինի, թե փակ, իրենց համար միեւնույն է՝ ջուր, ձուկ կա Սեւանում, թե չկա: Իրենք դրանով չեն ապրում: Չեն ապրում այն սահմաններով, որն սկսվում է Կիրանցում եւ ավարտվում է Մեղրիում, Արցախում: Դրանք իրենց պետք չեն ընդհանրապես: Իրենք ուրիշ տեղից են սնվում, իրենց գլոբալ լափամանը ուրիշ տեղ է գտնվում: Այն, ինչ կա այստեղ, իրենցը չի կամ իրենց առնչվում է անուղղակիորեն: Պարզապես, մեկ-մեկ առնչվում են դրա հետ ու պետք է գան, մարդկանց ինչ-որ բան բացատրեն, կովերի աչքերի մեջ նայեն, 200 դրամներից ու անհասկանալի եսիմ ինչերից խոսեն: Այսինքն, իրենք ապրում են իրենց աշխարհում ու մեկ-մեկ պետք է գնան, այն ժողովրդին, որին վարչապետ է հռչակել, բաներ ասեն»:
Բանախոսը նշեց, որ հասարակ ժողովուրդը, եթե խաբվել է, թե ինքը վարչապետ է, արվեստագետները նման իրավունք չունեն: «Մտավորականները, զինվորականները, արվեստագետները, գիտնականները, եթե այդ ամեն ինչին հավատացել են, ինչը հավասարվում է հանցագործության եւ հիմա ամաչում են ասել, որ սխալվել են ու չեն էլ ապաշխարում, շատ դաժան է: Իսկ մենք դա պահանջում ենք հասարակ մարդուց: Այդ հասարակ մարդը մեզ էլ, սրբազանին էլ, իրեն էլ կընդունի նույն ձեւով՝ քաղաքից մարդ է եկել, եկեք տեսնենք, թե ինչ է ասում: Գալիս են իսկապես մի լավ բան լսելու ու հիասթափված գնում են: Բայց քանի որ այլընտրանք չունեն, շարունակում են նույն կերպ ապրել: Եթե ազգի «էլիտան» թույլ է տալիս սրանց իրենց այդպես պահել, պարզ է, որ իշխանությունը պետք է լկտիանա: Իշխանությունը հղփացել է, լկտիացել է: Ու քանի որ հիմքում նաեւ անբարոյական է, ապա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ՝ հեգնել հասարակությանը, թքել նրա երեսին բառի բուն իմաստով, նկարվել լողազգեստով ու ասել, որ դա նորմալ է, մենք սենց կայֆերի մեջ ենք, մենք սենց ենք ապրում, ձեր վրա էլ թքած ունենք: Հեծանիվը քշում ենք, հեծանվի վրա էլ տեղ չկա: Որ փախնելու լինենք, մտքներովդ չանցնի, թե ձեզնից մեկը կարող է տեղավորվել»,-ասաց արվեստագետը:
Դավիթ Սահակյանցը նաեւ ենթադրում է, որ հիմա ամուսինները ցույց են տալիս, որ իրենց միսիան ավարտված է՝ հեծանիվ են քշում, հետո կտեսնեն, թե ինչ կլինի: Ու ժողովուրդն էլ թող իր գլխի ճարը տեսնի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ