Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում. այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշել է՝ Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ. «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝ եթե Ադրբեջանին թվում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալվում է, Արցախի հարցը դեռևս լուծված չէ այնքան ժամանակ, որ արցախահայության միջազգային երաշխիքներով՝ իրենց իրավունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռևս չի լուծվել»։
Ըստ Օսկանյանի՝ ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հավաքական վերադարձի շուրջ և եթե արցախցիների հավաքական վերադարձի հարցը Հայաստանը բանակցային օրակարգ բերի, ապա կլինի նաև միջազգային հանրության աջակցությունը․ «Վկայակոչում եմ նաև Կլաարի ասածը, որ Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու, և այս հարցը պետք է օրակարգային լինի։ Տոյվո Կլաարը նաև մի հարց է տալիս, որին պատասխանում է, որի մասին ես հաճախ եմ խոսել․ ասում է՝ այն, որ արցախահայության վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնի, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, երկու տարբեր հարթությունների վրա են»։