ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, որը հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ հաստատվել է հաստիքացուցակը։
ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և, ըստ հաստատված կանոնադրության ու հաստիքացուցակի, պահպանում է վերջինիս կառուցվածքը։
Այսինքն ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության ծառայողներն այլևս համարվում են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։ Վերջիններս, կատարված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, պահպանել են ունեցած սոցիալական երաշխիքները։ Մասնավորապես՝ նրանք պահպանում են իրենց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից, ինչպես նաև պահպանում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Այս դեպքում ՊՈԱԿ-ում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի կազմում ՊՈԱԿ-ի հիմնումն իրականացվել է քննչական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում։ Դրա արդյունքում գործնականում ավարտին է հասցվել դեռևս 2013թ․ սկսված՝ միասնական քննչական մարմին ստեղծելու գործընթացը, որն իրականացվել է նախ 2023թ. հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանման, ապա նաև 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի գործունեությունը տվյալ մարմինների կազմերում դադարեցնելու և ողջ հաստիքներով, գործառույթներով ՀՀ քննչական կոմիտեի համակարգ փոխանցելու միջոցով։ Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում հանրապետությունում քննվող հանցագործության դեպքերի շուրջ 99%-ով։
Բացի այդ, նոր ընդունված և 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախկին հետաքննության փուլն այլևս չկա, և ներկայում հաղորդում ստանալու պահից քննիչն է ձեռնամուխ լինում նախաքննության կատարմանը։
Այս գործոններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնն ի սկզբանե ստեղծվել էր հենց քրեական վարույթներով նախնական քննությանն օժանդակելու նպատակով, որի գործառույթն այլևս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը չունի, օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել քննիչի կողմից ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում ապահովելու փորձագետի օժանդակությունը, ինչը դարձել է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու և նշված ՊՈԱԿ-ի ստեղծման հիմնական պատճառը։
Այս փոփոխությունը հնարավորություն կտա բարձրացնելու նախաքննության, քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետությունը։ Բացի այդ, քանի որ ՊՈԱԿ-ը կազմված է ինչպես կենտրոնական, այնպես էլ ողջ հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումներից, էականորեն խնայվելու է թե՛ ժամանակը, և թե՛ ռեսուրսները, քանի որ Քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով փորձաքննությունները նշանակվելու են ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում և քննիչները հարկադրված չեն լինելու այդ, ինչպես նաև փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները ստանալու նպատակով հեռավոր մարզերից մեկնել Երևան։
ՀՀ քննչական կոմիտե