Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյանը ՔՊ-ի 4-րդ քաղաքապետն է, բայց այս կարգի վատ չի եղել ոչ մեկի օրոք»․ Արթուր Չախոյան

Օգոստոս 06,2024 14:30

«Տիգրան Ավինյանի փոխարինումը իրավիճակ կփոխի», – «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում վստահեցրեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

Նա նշեց, որ ասֆալտապատման աշխատանքներում երևում է, թե ինչ անորակ աշխատանքներ են կատարվում, և Երևանն ունի փոսերի ներկայիս տեսքը։ Չախոյանը հավելեց․ «Միայն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով երրորդ փոսանորոգման աշխատանքների ծրագիրն է իրականացվում, տեսնում ենք, թե ինչպես է քաղաքապետարանը փոսերը նորոգում, որից հետո քանդվում են, հետո նորից նորոգում են, ինչի համար գումար է հատկացվում։ Դա հենց կոռուպցիոն տարր է․ անորակ աշխատանքներ են կատարվում։ Երբ հետևում եմ աշխատանքներին որակին, տեսնում եմ, որ անորակ շինանյութով են անում, դա հենց կոռուպցիա է»։

Հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի փոխարինումը կբերի՞ հարցի լուծման՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական թիմի անդամ է, Արթուր Չախոյանը պատասխանեց․ «Տիգրան Ավինյանի փոխարինումը իրավիճակ կփոխի։ Եթե մենք նայենք՝ նախորդ քաղաքապետերին հենց նույն քաղաքական ուժի, քանի որ Ավինյանը արդեն 4-րդ քաղաքապետն է նշանակվում, բոլորից դժգոհություններ եղել են, բայց եկեք համաձայնենք, որ այս կարգի վատ չի եղել։ Հիշում եմ՝ Հրաչ Սարգսյանի օրոք, չեմ ասի, որ լավ, գերազանց վիճակ է եղել, անշուշտ թերություններ կային, բայց այս վիճակում քաղաքը չէր գտնվում»։

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը Տիգրան Ավիյանին փոխարինելու առիթով ասաց․ «Տիգրան Ավինյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել և բոլոր այդ պաշտոններում ձախողել է։ Հիշենք հանրահայտ Քովիդի ժամանակ իր ապուշ որոշումները, որ թղթերն ինքդ պիտի լրացնեիր, թե ուր ես գնում․ տոտալ անիմաստ գործառույթ, որը նա իրականացնում էր։ Մսխում էր պետական գումարները։ Դա առաջին ու ցցուն կառավարչական կարողությունների ապացույցն էր։ Դրանից հետո տարբեր պաշտոններ ևս զբաղեցրել է, կարելի է թվել ԱՆԻՖ-ում նրա զբաղեցրած պաշտոնը, տեսանք՝ արդյունքը որն էր»։

Պրոսպեկտի շուկայի դիմացի գետնանցումի վերանորոգման աշխատանքների մասին Արթուր Չախոյանը պատմեց․ «52 միլիոն դրամ առաջին նորոգման աշխատանքների վրա են ծախսել, որտեղ հայտնաբերեցի գողություն, ծավալների հավելագրում, հարուցվել է քրեական գործ։ Երկրորդ փուլի աշխատանքները, որ այս տարի են իրականացվել, արդեն 16 միլիոն են հատկացրել այս տարվա աշխատանքների համար։ Այդտեղ էլ խախտումներ կան, քանի որ աշխատանքները մոտ երեք ամիս իրականանում էին և առանց պայմանագրի կնքման։ Պայմանագիրը կնքել էին հուլիսի 1-ին։ Ո՞նց են այդ ժամանակ պայմանագիր կնքում, եթե մարտ կամ ապրիլից աշխատանքներն իրականացնում էին․ ներքին համաձայնությամբ մեկ անձի կողմից գնումով․․»։ Արամ Նավասարդյանը հարցրեց՝ Սովետի ժամանակ կառուցված անցման վերանորոգումը շուրջ 200 հազար դոլա՞ր է կազմել, Արթուր Չախոյանը պատասխանեց․ «Հիմնանորոգում էլ դա չի կարելի անվանել, երևանցիները տեսել են դա»։

Ըստ Արամ Նավասարդյանի՝ քաղաքապետարանն առնվազն պետք է գոնե լսի ու արձագանքի Արթուր Չախոյանի քննադատություններին․ «Կամ գան, ասեն՝ էս որ նկարել ես, սխալ է, կամ ինչո՞ւ ես մեր ասֆալտը մատով քանդում, արձագանք է ամեն դեպքում»։

Հարցին՝ Երևանի քաղաքապետարանից համագործակցության առաջարկներ ստացե՞լ է, Արթուր Չախոյանը պատասխանեց․ «Համագործակցությունը Երևանի քաղաքապետարանն այսպես է պատկերացնում՝ եթե դու տեսնում ես թերություն, Չախոյան ջան, դու դա մի նկարի, մեզ ասա, մենք կանենք։ Կասես, կանենք, ես էլ շատ դեպքերում բոլոր այդ առաջարկություններին համաձայնել եմ, ասել եմ, ու չեն կարողացել անել, նորից իմ գործը շարունակում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031