Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Բաքվում նա ընդգծել է, թե կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական առաջընթացի համար:
Շոյգուն նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր կան, որոնք հաջողությամբ լուծվում են՝ որպես օրինակ մատնանշելով «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը: Նա հավելել է, որ եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։
Հիշեցնենք՝ մինչ այդ Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Իրանում էր, որտեղ հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։