Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավասարդ» հայ-իրանական փառատոնը մեծ եւ կարեւոր մշակութային իրադարձություն է. ԻԻՀ մշակույթի կցորդ

Օգոստոս 06,2024 13:41

«Պատիվ ունենք ազդարարելու շատ սպասված, ավանդույթ դարձած հայ-իրանական խոհանոցային, մշակութային փառատոնի՝ արդեն երրորդ «Նավասարդի» մեկնարկի մասին: Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կկայանա «Նավասարդ» հայ-իրանական փառատոնը, որ կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան, Կապանում Իրանի հյուպատոսության եւ դեսպանատան մշակութային կենտրոնի աջակցությամբ», – «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, փառատոնն այս տարի ընդլայնվել է, այն տեղի կունենա իրանական կողմի ավելի մեծ մասնակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն ասաց, որ փառատոնը հրաշալի հնարավորություն է բացահայտելու թե հայկական, թե իրանական մշակույթը, խոհանոցն ու ավանդույթները:

Նրա ձեւակերպմամբ, այն նաեւ հրաշալի հնարավորություն է՝ տարածաշրջանային հայ-իրանական զբոսաշրջային բացառիկ արդյունքի ներկայացման առումով, միջոցառման շրջանակում նաեւ գիտաժողով է նախատեսված:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը խոսելով հայկական եւ իրանական խոհանոցների որոշ ընդհանրությունների մասին՝ ընդգծեց. «Խոհանոցը որպես մշակութային ժառանգություն ոչ միայն բացառիկ է, այլեւ եզակի այն առումով, որ կարող է միավորել եւ մեկտեղել տարբեր լեզուներով խոսող տարբեր ծագման մարդկանց: Խոհանոցը յուրահատուկ լեզու է, որը հասկանում են բոլորը: Մենք եւ մեր բարեկամ Իրանը հազարամյակներով միասին ապրել ենք, ստեղծագործել, իսկ խոհանոցը իմ կարծիքով ստեղծագործության գագաթնակետն է, որովհետեւ, իսկ մեր եւ մեր հարեւան Իրանի խոհանոցի տոնածիսական կերակրատեսակներն ուղղակի աղոթքներ են առ Բարձրյալը: Դրանք ցույց են տալիս մեր մտածելակերպը, աշխարհընկալումը եւ մեր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ»:

ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդիի խոսքով՝ «Նավասարդը» մեծ եւ կարեւոր մշակութային իրադարձություն է. «Այդ փառատոնն անպայման իր մեծ ազդեցությունն է թողնելու հայ-իրանական հարաբերությունների, մշակութային կապերի զարգացման առումով: Իրանի եւ Հայաստանի ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ եւ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն էլ ավելի կնպաստի, որ միմյանց լավ ճանաչենք»:

ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կցորդը հավելեց, որ ամիսներ առաջ, երբ Մեխակ Ապրեսյանի հետ քննարկում էին փառատոնի կազմակերպչական հարցերը, լուրը հասել էր Իրան, եւ այնտեղի բազմաթիվ նահանգներից ցանկություն էին հայտնել մասնակցելու այս մեծ իրադարձությանը: «Իրանի 15 նահանգապետարաններից դիմել են այս փառատոնին մասնակցելու համար, սակայն հաշվի առնելով, որ սա փառատոնի անցկացման երրորդ տարին է եւ կան որոշակի կանոններ, Իրանի 5 նահանգներից կմասնակցեն «Նավասարդ» փառատոնին»,-ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդին: Հավելեց, որ Համադանից նաեւ իրանական ավանդական երաժշտական խումբ է մասնակցություն ունենալու, իսկ ընդհանրապես իրանական կողմը փառատոնին կմասնակցի մի քանի ուղղություններով, որոնք, ի թիվս այլնի՝ ներառում են երաժշտությունը, ձեռարվեստը, խոհանոցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031