«Առավոտի» հարցերին պատասխանել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
–Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսի անցակետում, ինչո՞վ են պայմանավորված հերթերը։
-Ռուսական կողմում հիմա 3000-ից ավելի բեռնատար կա կուտակված, որոնցից մոտ 800-ը հայկական բեռնատարներ են։ Եվ կուտակումների հիմնական պատճառը տուրիստական սեզոնն է․ ռուս զբոսաշրջիկներն այս սեզոնին շատ են գնում Վրաստան հանգստանալու։ Շատ կտրուկ աճել է հոսքը, վրացական կողմը չի հասցնում սպասարկել այդքան զբոսաշրջիկների եւ բեռնատարների։ Դրա համար դանդաղ է ընթանում այդ ամենը։ Բացի դրանից, ունենք չեզոք գոտի՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ընկած տարածքն է, որը երկու գիծ է, այսինքն՝ մեկը գնացող, մյուսը՝ եկող։ Եվ այդ երկու գիծն այս պահին սպասարկում են ե՛ւ բեռնատար, ե՛ւ մարդատար մեքենաների հոսքը։ Այն պահին, երբ վրացական կողմում հերթեր են առաջանում, չեն հասցնում արագ ներս թողնել բեռներն ու թեթեւ մարդատար մեքենաները, միանգամից կուտակում է առաջանում։ Եվ շատերը դուրս են գալիս հանդիպակաց ուղի, փակում են դիմացից եկող մեքենայի երթեւեկությունը, այդպես քաոս է ստեղծվում։ Այդ քաոսի պայմաններում մեքենաները 3, 4, 5 ժամ կարող են կանգնել, մինչեւ կկարողանան իրար հետ պայմանավորվել, որպեսզի ճանապարհը բացվի, գնան։ Այսինքն՝ ինչքան էլ երկու անցակետերի թողունակությունը մեծանա, միեւնույն է, չեզոք գոտում այդ խնդիրները միշտ լինելու են։ Եվ հաշվի առնելով, որ ռուսական կողմից եւ բեռնատարների, եւ թեթեւ մարդատարների, եւ ուղեւորատար ավտոբուսների հոսքը շատ մեծ է, վրացական կողմը ֆիզիկապես չի հասցնում այդ ամբողջ հոսքը ժամանակին սպասարկել, դրա համար կուտակումներ են առաջանում։
–Բայց փոխադրողները կասկած ունեն, որ ռուսական կողմն է արհեստական խոչընդոտներ ստեղծում, դանդաղ են աշխատում, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Կարդացեք նաև
-Ոչ, ռուսական կողմն իր մաքսիմալ թողունակությամբ աշխատում է։ Ռուսական անցակետի թողունակությունը մոտ 1200 բեռնատար է օրական՝ երկու ուղղություններով։ Դա եւս իր հերթին բարդացնում է կուտակումները եւ հերթերը, բայց իրենք այդ թիվը հիմնականում փորձում են պահել։
–Փոխադրողները նաեւ բողոքում են, որ մաքսային կցորդի ճիշտ աշխատանքի դեպքում այս իրավիճակը չէր առաջանա։ Այսինքն՝ մեղադրում են ձեզ՝ կողմերի հետ նախօրոք ճիշտ աշխատանք չտանելու համար։ Ի՞նչ աշխատանք եք իրականացնում դուք՝ աջակցելու հայ փոխադրողներին։
-Այսինքն՝ ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի։ Լարսի անցակետը սպասարկում է մի շարք երկրների բեռներ եւ ուղեւորատար մեքենաներ։ Եվ այն իրավիճակը, որն այնտեղ ստեղծվում է, կապված չէ որեւէ երկրի քաղաքացիների հետ։ Դա ուղղակի խնդիր է, որն առաջացնում է այդ անցակետի գերծանրաբեռնվածության հետեւանքով։ Ինչքան էլ այդ անցակետի թողունակությունը մեծանա, միեւնույն է, չեզոք գոտու խնդիրը մնում է։ Եվ թողունակությունը սահմանափակ է, չի կարող անսահմանափակ մեծացվել։ Աշխարհագրական, քաղաքական խնդիրներ կան, որոնց պատճառով չի լինում թողունակությունն ավելի մեծացնել։ Եվ չեմ կարծում, որ հայկական կողմն ինչ-որ ձեւով կարող է նպաստել, որ թողունակությունն ավելի մեծանա։
–Ի՞նչ բեռներ են այսօր կանգնած մաքսակետում, հայ փոխադրողներին հանդիպե՞լ եք, լսե՞լ եք նրանց բողոքները։
-Այս պահին մեզանից կախված ոչինչ չկա, որովհետեւ բոլոր երկրների բեռնատարներն էլ այնտեղ կանգնած սպասում են։ Այսինքն՝ ոչ մի երկրի ներկայացուցիչ ոչ մի աշխատանք այնտեղ չի կարող առանձին իրականացնել։ Ռուսաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում, որպեսզի հերթերը հնարավորինս արագ սպասարկեն։ Բայց վրացական կողմն էլ պետք է կարողանա այդ հոսքը սպասարկել։ Այսինքն՝ ռուսական մասում որքան էլ արագ սպասարկեն, այդ մեքենաները պետք է գնալու տեղ ունենան, ռուսական անցակետից դուրս են գալիս եւ կանգնում են, չեն կարողանում առաջ անցնել։
Շուտ փչացող բեռները միշտ առավելություն ունեն եւ հերթերում ավելի քիչ են սպասում, քան մյուս մեքենաները։ Ինչ վերաբերում է փոխադրողների դժգոհություններին, այն, ինչի մասին մենք խոսում ենք, իրենք էլ են նույնը ասում, ոչ մի նոր բան չկա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ