«Հարցվածների գրեթե հիսուն տոկոսը կարծում է, որ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի հիմնախնդիրների վերաբերյալ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքները։
Հարցումն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։
Արամ Նավասարդյանը մանրամասնեց` հարցվածների 11,4 տոկոսն ասել է, որ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը, 18,2 տոկոսը՝ ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավորումը, 17,3 տոկոս պատասխանել է, որ ավելի շուտ պետք է հրաժարական տա և 32,6 տոկոսը կարծում է, որ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի՝ վարչական շրջանների գործառույթների շրջանակում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակը, հարցվածների 27,3 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ բարձր, 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, ստացվում է՝ գրեթե 47 տոկոսը նշում է, որ կոռուպցիոն դրսևորումներ կան։
Հարցման մասնակիցները՝ ըստ վարչական շրջանների՝ պատասխանել են, որ ամենամաքուր օդը Ավան վարչական շրջանինն է, այնուհետև Դավթաշեն, Քանաքեռ Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջաններինը։ Ամենաբարձր աղտոտվածությունը ըստ հարցվածների՝ Շենգավիթ վարչական շրջանում է, հետո Արաբկիրում, Կենտրոնում, Նուբարաշենում, էրեբունիում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ