Փարիզի օլիմպիական խաղերում այսօր պայքարն են սկսում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:
Երեկ կայացած վիճակահանությունը որոշել է ոսկե մեդալի հավակնորդ մեր երկու տիտղոսակիր մարզիկների մեկնարկային մրցակիցներին: Մեր ըմբիշները առաջին գոտեմարտերը կանցկացնեն 1|8 եզրափակչում:
Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն «Ճերմակ արջի» առաջին մրցակիցը 97 կգ քաշային կարգում Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սունյուն Կիմն է, որին հաղթելու դեպքում Արթուրը քառորդ եզրափակչում պայքարը կշարունակի Ուզբեկստան-Հոնդուրաս զույգի հաղթողի հետ:
Աշխարհի չեմպիոն ու բազմակի մեդալակիր, Եվրոպայի բազմակի մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի 1|8 եզրափակչում «կստուգի» ֆինն Կուննարի Սարկկինենին: Այս արգելքը հաղթահարելու պարագայում Մալխասի հաջորդ մրցակիցը կլինի Կուբա-Իրան զույգի հաղթողը:
Կարդացեք նաև
Օլիմպիական խաղերի մեր երրորդ մասնակցի՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ: Սլավիկը պայքարի մեջ կմտնի վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ