Վերին Լարսի անցակետում այս օրերին դարձյալ մեծ հերթեր են։ Կուտակումներն անցակետի երկու կողմից են, բայց առավելապես՝ ռուսական կողմում։ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ երեկվա դրությամբ ավելի քան 4000 բեռնատար էր սպասում հերթում՝ Ռուսաստանից Վրաստան մտնելու համար, որից ավելի քան 1000-ը՝ հայկական բեռնատարներ են։
«Ես կարծում եմ՝ ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որովհետեւ եղանակային պայմանները բարենպաստ են, ինչո՞ւ չեն կարողանում թողունակություն ապահովել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Մարսել Այվազյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, մարդատար մեքենաների թիվն է ավելացել, դա եւս հերթերի պատճառ է։ «Բայց փաստ է, որ ռուսական կողմը դանդաղ է աշխատում, խնդիրն այդտեղ է։ Այստեղից գնալն այդքան մեծ խնդիր չէ, երկու օրվա ընթացքում մեքենան անցնում է, հիմնական կուտակումները ռուսական կողմում են։ Մեքենաները 7, 8, 10 օր մնում են կանգնած, դա արդեն խնդիր է մեզ համար, այդ մարդկանց պետք է կերակրենք, պահենք, մեծ ծախսեր են։ Եթե արագացված ռեժիմով աշխատեն, հերթեր չեն գոյանա»,- հավելեց նա։
ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պարբերաբար խնդիրներ են ստեղծվում։ «Անընդհատ այս վիճակն է, հիմա գնահատականներ չեմ ուզում տալ։ Իրավիճակն այնպիսին է, որ Լարսի անցակետը չի կարողանում այդ հոսքն ապահովել, որովհետեւ ոչ միայն մենք ենք օգտվում դրանից, այլեւ շատերը, անցանելիությունը չի բավականացնում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Եղիշե Հովհաննիսյանը նշեց, որ անցակետի ե՛ւ ռուսական, ե՛ւ վրացական կողմերում էլ կուտակումներ կան։ Այնինչ, պետք էր նախօրոք աշխատանք տանել, որպեսզի այս իրավիճակը չառաջանար։ «Ես տեղում չեմ, որպեսզի իրավիճակը գնահատեմ, բայց ասում են, որ կիլոմետրանոց հերթեր են։ Մենք մաքսային կցորդ ունենք այնտեղ, որը ժամանակին պետք է միջոցներ ձեռնարկի։ Բայց տեսնում ենք, որ անգործություն են դրսեւորում, նստում են այնտեղ ու մեքենաներն են հաշվում։ Բայց պետք է նախօրոք աշխատանք տարվեր, այնտեղ նստած պաշտոնյաները պետք է միջամտեն թողունակության ավելացմանը՝ մինչեւ այս իրավիճակը ստեղծվելը։ Թողունակությունն այնքան շատ գործոններից է կախված, միայն դարպասների թվի ավելացմամբ չէ։ Խնդիրն այն է, որ դրանց աշխատանքը պետք է արդյունավետ լինի։ Մարդիկ պետք է իրար նկատմամբ վստահություն ունենան, որ ստուգումները շատ չլինեն, մյուս կողմից չպետք է համը հանել, որ բանը հասնի նրան, որ մեզ ասեն՝ ձեր ապրանքը գալիս է պեստիցիդներով։ Այսինքն՝ պետք է նախօրոք աշխատանք տարվի, որ այս խնդիրները չլինեն»,- ասաց Եղիշե Հովհաննիսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ