Ո՛չ մարդկությունը, ո՛չ էլ վեջին երեք տասնամյակների Հայաստանը դրա հաստատումը չեն տալիս
20-րդ դարի լեհ փիլիսոփա, աստվածաբան, դոմինիկյան միաբանության անդամ Յոզեֆ Բոհենսկին ունի մի շատ հետաքրքիր գիրք, որի վերնագիրն է՝ «100 սնահավատություն. Նախապաշարումների հակիրճ փիլիսոփայական բառարան»: Գրքում այբբենական կարգով ներկայացված են այն երեւույթները, որոնք, Բոհենսկու կարծիքով, ավանդաբար, սխալ են մեկնաբանվում:
Այպիսի երեւույթներից մեկն է «առաջընթացը»: «Մարդկության մշտական առաջընթացի հանդեպ հավատը, իբր մարդկությունը գնում է ավելի ու ավելի բարձր, կատարյալ իրավիճակի ամենավնասակար մոլորություններից մեկն, որը ժառանգվել է 19-րդ դարից», – գրում է փիլիսոփան: Պարզ է, թե ինչու հենց այդ ժամանակներից. 19-րդ դարում բուռն զարգացում էր ապրում բնագիտությունը, Դարվինն էլ առաջ է քաշել իր էվոլյուցիոն տեսությունը: Բայց Բոհենսկին հարց է տալիս՝ մի՞թե գիտության, տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է առաջընթացին՝ հոգեւոր, իրավական, քաղաքական, բարոյական ոլորտներում:
Հեղինակը բերում է մի քանի օրինակ: Մեր թվարկությունից առաջ 16-14-րդ դարերում Եգիպտոսում կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակակից (20-րդ դարի) Շվեյցարիայում, էլ չասած` իսլամ դավանող երկրներում: Բետոնի գյուտը դժվար թե նպաստել է ավելի արժեքավոր ճարտարապետական կոթողների ստեղծմանը: Ոչ ոք չի կարող պնդել, որ ժամանակից տեխնիկայի միջոցով նկարիչն ավելի մեծ բարձունքների է հասնում, քան Միքելանջելոն:
Կարդացեք նաև
Հետեւություն, որն անում է Բոհենսկին. ընդհանուր առմամբ վերցրած մարդկության աստիճանական առաջընթացի մասին պնդումը 1/ բացարձակապես անհիմն է, 2/ հակասում է փաստերին:
Սակայն համոզմունքը, թե մարդկությունը մշտական եւ անկասելի առաջընթաց է ապրում, պահպանվել է անգամ 21-րդ դարում: Ըստ էության, 1914 թվականից հետո, երբ բոլոր տեսակի «պրոգրեսիստական» լավատեսությանը հակառակ, սկսվեց Առաջին աշխարհամարտը, ճիշտ ժամանակն էր այդ պատրանքներին հրաժեշտ տալու:
Հիշեցի Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպը, որը հրապարակվել է 1924 թվականին եւ որը, սակայն, պատմում է նախապատերազմյան Եվրոպայի, ինչպես հետագայում պարզ դարձավ, անհիմն լավատեսության մասին: Այդ վեպի հերոսներից մեկը՝ Սետտեմբրինին, հավատում է բանականության, ազատականության, շուկայական հարաբերությունների «բուժիչ» հատկություններին: Նա, իմիջիայլոց, ոգեւորությամբ խոսում է այն մասին, որ շուտով Թուրքիայում հետամնաց միապետությունը կտապալվի եւ իշխանության կգան առաջադեմ ուժերը, հանձինս երիտթուրքերի, ուրախանում է, որ նույնիսկ Թուրքիայում առաջընթացը հաղթում է: Ինձ թվում է, շատ բնորոշ վերաբերմունք է, եթե համադրենք այդ հավատը երիտթուրքերի հեղափոխությանը հետեւած իրադարձությունների հետ:
Բայց, կրկնեմ, նույնիսկ հիմա, երկու համաշխարհային պատերազմից հետ, երբ առնվազն առկա են Երրորդի որոշ հատկանիշները, կան մարդիկ, որոնք պնդում են, թե մենք գնում ենք դեպի պայծառ ապագա եւ երկնային դրախտ: Այդպիսի մտածողներից է ամերիկացի հոգեբան Սթիվեն Փինքերը: Նա վստահ է, որ 1776 թվականի ԱՄՆ անկախության եւ 1789 թվականի Ֆրանսիայում ընդունված Մարդու եւ քաղաքացու հռչակագրերից հետո ամեն ինչ, ընդհանուր առմամբ, «ճիշտ ուղղությամբ» է գնում: Ինչպես ասում են՝ նրա լավատեսությունից եմ ուզում:
Իմ երկրի՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության զարգացումը նույնպես լավատեսության համար առանձին հիմքեր չի տալիս: 33 տարում առաջընթա՞ց ենք ապրել, թե՞ հետընթաց: Մի՛ շտապեք միանշանակ պատասխան տալ: Օրինակ, ինչպես եւ ամենուր, հաղորդակցման տեխնիկական առաջընթացն ակնհայտ է: Քո արժեքավոր կամ ոչ այնքան արժեքավոր մտքերը հանրությանը հայտնելու համար մի քանի ակնթարթ է պետք: Դա, անշուշտ, նպաստել է հասարակական կյանքի որոշակի ժողովրդավարացմանը՝ պետություններին գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում սահմանափակել խոսքի ազատությունը: Մյուս կողմից՝ դա լայն դուռ է բացում մանիպուլյացիաների համար:
40 տարի առաջ այս սեզոնին մարդիկ գետի ափին շոր էին փռում եւ քարերի վրա խորոված էին սարքում: Հիմա բոլոր ձորերում «հանգստյան գոտիներ» են՝ նվազագույն սպասարկումով: Դա մի կողմից ժամանցն ավելի «քաղաքակիրթ» է դարձնում, մյուս կողմից՝ իրար քիթ մտած տաղավարները, ամեն մեկն իր երաժշտությամբ, առանձնապես հանգստին չեն նպաստում: Դե, արի ու գնահատիր, թե որտեղ է առաջընթացը, իսկ որտեղ՝ հետընթացը:
Եթե դառնանք զուտ հասարակական-քաղաքական զարգացմանը, ապա այստեղ ես ավելի շատ նկատում եմ հետընթաց: Վերցնենք թեկուզ խորհրդարանը: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ, ասենք, Բաբկեն Արարքցյանը (կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը) իրենց թիկնապահների միջոցով բռնեին մարդու ձեռքերը եւ թքեին նրա երեսին:
Ո՞րն է խնդրի արմատը: Կարծում եմ, այն է, որ 1990 թվականի խորհրդարանն ընտրվել է մի որակի հասարակության կողմից, իսկ, ասենք, 2021-ինը՝ այլ որակի, եւ այդ որակներն իրարից շեշտակիորեն տարբերվում են՝ հօգուտ առաջինի: Ինչո՞ւ 2001 թվականին «սխալ բարեւելու» համար զուգարանում մարդ սպանելը արդարացի ցասում էր առաջացրել, իսկ հիմա հղի կնոջը նույն թիկնազորի կողմից մահացու վթարի ենթարկելը (հասկանում եմ դեպքերի տարբերությունը) ոչ մեկին չի հետաքրքրում: Դարձյալ հասարակության հետընթացի, այլասերման, անտարբերության, ցինիզմի պատճառով:
… Այդ երեւույթները, բնականաբար, նկատվում են ոչ միայն Հայաստանում: «The world’s on fire And I can’t get my arse out of bed » («Աշխարհը կրակի մեջ է, իսկ ես չեմ կարող իմ հետույքը կտրել անկողնուց»), – երգում է «Deep Purple» խումբն իր վերջին ալբոմում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ