Լրահոս
Օրվա լրահոսը

Artbox Incubator ծրագիրը 100,000 եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել 10 ստեղծարար նախագծերի՝ խթանելու Հայաստանի ստեղծարար ոլորտը

Օգոստոս 06,2024 11:17

20 նախագծեր հաջողությամբ ավարտեցին Artbox-ի 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, և 10 նախագծերից յուրաքանչյուրը ստացավ 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների վերածելու նպատակով։

Creative Armenia-ն նշում է Artbox Incubator ծրագրի երկրորդ թողարկման հաջող ավարտը, որի նպատակն է աջակցել առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին:

Ընտրված 20 անհատներ և թիմեր, որոնք ներկայացնում են առաջադեմ նախագծեր վիզուալ արվեստի, դիզայնի և այլ ոլորտներից, աշխատել են բարձրակարգ մենթորների և հայտնի մշակութային առաջնորդների հետ Հայաստանից, Նիդեռլանդներից, Դանիայից, Մալթայից և Էստոնիայից՝ կյանքի կոչելու իրենց նախագծերը: Շաբաթական աշխատարանների միջոցով մասնակիցները մշակել են իրենց նախագծերը՝ անդրադառնալով բոլոր ասպեկտներին՝ ներառյալ շուկայական վերլուծությանը, բիզնեսի ռազմավարությանը, փիչինգին և այլ թեմաներին: Ծրագրի ավարտից հետո 20 նախագծերից 10-ը ստացավ ընդհանուր 100,000 եվրո դրամաշնորհ՝ աջակցելու նրանց դառնալ կենսունակ բիզնեսներ:

Ընդհանուր 100,000 եվրոյի չափով (յուրաքանչյուրը 10,000 եվրո) դրամաշնորհ ստացած 10 նախագծերն են՝

● ArtInsight
Արվեստագետներին և արվեստասերներին միավորող առցանց հարթակ, որը համադրում է ժամանակակից արվեստի գործերի տարբեր հավաքածուներ՝ նպաստելով մշակութային փոխանակմանն ու ստեղծարարությանը։

● Crop Up
Փոդքասթ ստուդիա և թվային հարթակ, որը ծառայում է որպես միասնական տարածք ստեղծագործողների համար՝ թողարկելու և տարածելու տարբեր փոդքասթ նախագծեր՝ առաջնայնություն տալով հայկական փոդքասթների տարածմանը:

● Daobab
Շքեղ աքսեսուարների արտադրություն և վաճառք, որոնք նպատակ ունեն զարգացնել զարդեր ստեղծելու արհեստը՝ օգտագործելով ոսկի, արծաթ և բնական կաշի:

● DrumStar Corporation
Կոմպակտ, բազմահարկ էլեկտրոնային հարվածային գործիքների նորարարություն, որը նախատեսված է ավելի դյուրին դարձնելու հարվածային գործիքների ուսուցման, կատարման և ձայնագրման գործընթացը։

● Fotokombinat N17
Այլընտրանքային լուսանկարչական ստուդիա, որը վերակենդանացնում է պատմական լուսանկարչության արվեստը Հայաստանում՝ առաջարկելով իրապես եզակի և խորը փորձառություն:

● Hay ink (նախկին անունը՝ Hye Ink)
Հայկական արվեստ՝ ներկայացված հագուստի նորաձևության մեջ և ցուցադրված առցանց շուկայում՝ բարձրացնելու արվեստագետների տեսանելիությունը և կապ ստեղծելու համաշխարհային լսարանի հետ:

● IMAGERY №3
Բազմոլորտային ստեղծարար նորաձևության և ոճավորման տարածք, որն ապահովում է յուրօրինակ 360° մոտեցում նորաձևության պատմությանը, փորձին և ոճի զարգացմանը:

● Line: Armenian Architecture Biennial
Շրջիկ ճարտարապետական բիենալե, որը ճամփորդում է Հայաստանի հանրային տարածքներով, անդրադառնում համայնքային մարտահրավերներին և տարածում վերափոխման գաղափարը՝ այս ամենը դիզայնի տեսանկյունից:

● SHRJAN (նախկին անունը՝ DreamBox)
SHRJAN-ն օգնում է երեխաներին կապ հաստատել իրենց հայկական ժառանգության հետ թվային հարթակի միջոցով, որը տրամադրում է ինտերակտիվ ստեղծագործական հավաքածուներ։

● Studio Kerani (նախկին անունը՝ Studio Anicerani)
Խեցեգործական ստուդիա, որը շեշտը դնում է արդիականացված հայկական զարդանախշերի կիրառմամբ բարձրակարգ կերամիկական իրերի արտադրության վրա՝ նպատակ ունենալով հանրահռչակել և պահպանել մշակութային ժառանգությունը:

 

«Artbox-ի միջոցով մենք հզորացնում ենք արվեստագետների և ստեղծագործողների հաջորդ սերունդը՝ զինելով նրանց հիմնարար բիզնես մտածելակերպով և հմտություններով և միջոցներ տրամադրելով՝ իրենց ստեղծարար գաղափարները զարգացնելու ու վերածելու առևտրային առումով կենսունակ ստեղծագործական արտադրանքի: Մենք շատ ուրախ ենք շարունակելու այս աջակցությունը՝ սաղմնային դրամաշնորհ տրամադրելով 20 ինկուբացված նախագծերից 10 ստեղծարար նախագծերի, որոնք ունեն առևտրային ներուժ»,- ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

Ոգեշնչված բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մեթոդներից՝ Artbox Ինկուբատորը ինկուբատորի մոդելի վերաարտադրումն է արվեստի աշխարհի համար. դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին և օգնում զարգացնել իրենց գաղափարները՝ դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային: Ինկուբատորի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք՝ www.artbox.am/hy:

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է ողջ հայության համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում:

Հարցերի դեպքում՝
Artbox նախագծի ղեկավար
Իվետա Ղազարյան / [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031