Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտյան Ադրբեջանը» միջազգային քաղաքականություն է վարում, հանդիպում են տարբեր պաշտոնյաների հետ»․ Գառնիկ Դավթյան

Օգոստոս 05,2024 23:50

«Արևմտյան Ադրբեջանը» միջազգային քաղաքականություն է վարում, հանդիպում են տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացնում իրենց մշակույթը, որը հայկականի «քոփի փեյսթն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպման ժամանակ ահազանգեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

Նա ասաց՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի` ծածուկ համակարգով գործունեությունը սկսվել է 2019-ից։ Ստեղծվել են տարբեր խմբեր սոցցանցերում, վերլուծական կենտրոններ, որոնք աստիճանաբար աշխատում են, թե ՀՀ-ի նկատմամբ ինչպիսի հնարավոր տարածքային, գույքային պահանջներ կարող են ներկայացնել․ «Սկսել են 2019-ին գործել և 2020-ից ի հայտ եկել՝ որպես «Արևմտյան Ադրբեջան», որն ինքնին կեղծիք է, ադրբեջանական պետական քարոզչական հերթական դրսևորումներից մեկը»։

Ադրբեջանագետը ներկայացրեց «Արևմտյան Ադրբեջանի» տեսլականը․ «Սա գոյություն չունեցող եզրույթ է, կեղծիք։ Ըստ այդ տեսլականի՝ ադրբեջանցիները պետք է ՀՀ-ում բնակվելիս ունենան անկախ հաղորդակցություններ, պետք է այնպիսի ճանապարհներ կառուցվեն, որոնք պետք է վերահսկվեն Ադրբեջանի կողմից։ Իրենք խոսում են՝ նշելով, որ այդ ամենը պետք է կարգավորվի միջազգային մանդատով, միջազգային ուժեր լինեն, որոնց արևմտյան ադրբեջանցիները պետք է վստահեն։ Սա հուշում է Թուրքիայի ու Ադրբեջանի մասին։ Նաև խոսում են վարչական վերահսկողության մասին։ Վարչական մարմինները պետք է կառավարվեն ոչ թե հայերի, այլ արևմտյան ադրբեջանցիների կողմից։ Սա մեծ մարտահրավեր է մեզ համար, որի մասին լռում են այժմ։ Այն հատվածներում, որտեղ պետք է նրանք բնակվեին, այդտեղ հայ բնակչության անվտանգությունն ունենալու է բավականին լուրջ խնդիր՝ սոցիալական, ֆիզիկական բախումներ։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում այսօր անվտանգությունը ծաղրուծանակի է վերածված, ցավոք սրտի, մենք ՀՀ-ում 2018-ից հետո աստիճանաբար ունեցել ենք անվտանգային տրամադրությունների անկում, լինելու են ժողովրդագրական փոփոխություններին։ Թող Աստված այս միտքս չորացնի, բայց երբ լինի իրավիճակ, որ արևմտյան ադրբեջանցիները ապրեն ՀՀ-ում, նույն տարածքում ապրող հայերը գնալու են, լինելու են լուրջ ճնշումներ։ Գերիների առկայությունը Բաքվի բանտերում, սահմանամերձ բնակիչների շրջանում կեղծիք տարածելով՝ տարածք զիջելը, խոսում է այն մասին, որ այս իշխանությունը թքած ունի մեր բնակչության անվտանգության վրա»։

Ըստ Գառնիկ Դավթյանի՝ արևմտյան ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ-ում կտա  քաղաքական լուրջ գործիք Ադրբեջանի ձեռքում ՀՀ-ի ներքին քաղաքական որոշումներում խառնվելու և թելադրելու առումով․ «Լինելու է իրավիճակ, որ քաղաքական թելադրանքն Ալիևի կողմից լինելու է իմպերատիվ, կատարվելու է միմիայն Ալիևի պահանջը։ Եվ ահաբեկչություն է լինելու։ 300 հազար ադրբեջանցու բնակեցման մասին է խոսվում։ Կազմվում են ցուցակներ, թե ադրբեջանցիները որ գյուղերում են բնակվել։ Վստահություն չունեմ, որ արևմտյան ադրբեջանցիների անվան տակ ՀՀ չեն գա հատուկ ծրագրված ադրբեջանական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի խառնելու են ՀՀ-ն»։

Գառնիկ Դավթյանը նաև ահազանգեց՝ ադրբեջանական քարոզչական դաշում քարտեզներ են տարածվում, որտեղ կտեսնեք, որ կուտակումները Սյունիքի մարզն է, հյուսիսում՝ Տավուշը, երրորդը Վայոց ձորն ու մնացած ՀՀ տարածքը․ «Տավուշում տարածքների զիջումը պայմանավորված է սրանով․ «Արևմտյան Ադրբեջանի» ցանկությունն այն է, որ հյուսիս, հարավ-արևելյան շրջանները ՀՀ-ի չլինեն, այլ լինել ադրբեջանականացված՝  ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում։ Սա կարևոր է նրա համար, որ երբ անտեսում ենք թշնամու կողմից տարվող քաղաքականությունը, դա աշխատում է ուղիղ հակառակ տրամաբանությամբ»։

Գառնիկ Դավթյանը վստահեցրեց՝ այս վտանգը մեզ սպառնում է հինգ տարում։ Ըստ նրա՝ եթե այսօրվա իշխանությունը մնա, «մենք ՀՀ-ի պետություն չենք ունենալու, այլ կամ Էրմենիստան կամ «Արևմտյան Ադրբեջան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ Սրբազան շարժում էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լեզուդ«չորանա»՝«արեւմտյան ադրբեջանի»թուրքերը՝նրանք ադրբեջանցիներ չեին կարող լինել որովհետւ նրանք ՀՍՍՀ քաղաքացիներ են եղել։Նրանց մեծ մասը 90-ների սկզբին իրենց «քնձռոտ»տները փոխանակել են «արւելյան ադրբեջանում»բնակվող՝իրենց բնօրրաներում-հայերի բարձրակարգ տների ւ բնակարանների հետ։Եթե ՀՍՍՀ նախկին քաղաքացիներ թուրքերը դարձել են ադրբեջանցիներ՝դա իրենց ընտրությունն է՝նրան ՀՀ տարածքում բնակվելու տուն կամ բնակարան չունեն։Կամ էլ պետք է վերադարձնեն Բաքու Կիրովաբադ Մինգեչաուր Սումգաիթ ւ այլ քաղաքների բնակարանները ւ տները հայերին….։Լեզու չունենք՞մենք էլ մեր պահանջները ներկայացնենք։Թե՞դա խաղաղության օրակարգին հակասում է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031