«Մայիսի 30-ից մեզ հասած տեղեկություններով՝ մոտ 20 մեքենաներ կալանքի տակ են առանց պատճառաբանության»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում, վկայում է այն մասին, որ այս իշխանությունն ուղղակիորեն մարդկանց նեղություն է պատճառում, բոլոր հնարավոր տարբերակներով սահմանափակում են, որ մարդիկ հանկարծ ռիսկ չանեն այս պայքարում ընդգրկված լինել․ «Էլ չեմ ասում տարբեր աստիճանի գործարարներին անիմաստ հալածանքների ներքո պահելը, մեր քաղաքացիներին, դասախոսական կազմի նկատմամբ տեռոր է տեղի ունենում։ Եթե այդքան վախեցած չեք, Բերդում մարդկանց, ակտիվիստների ինչո՞ւ եք կանչում, հարցնում՝ սեպտեմբերին գնալո՞ւ եք, մարդիկ հարցնում են ո՞ւր՝ ասում են ցույցերի։ Մարդիկ ասում են, մենք տեղյակ չենք»։
Բագրատ սրբազանը հորդորեց՝ ում նկատմամբ տեղի է ունենում նման բաներ, ներկայացնեն իրենց՝ անուն-ազգանունով, դեպքով, տվյալով, վայրով, որ մարդիկ զգան՝ իրենք պաշտպանված են։
Խոսելով այն քննադատությունների մասին, որ շարժումն ունի հովանավորներ, գումարներ են փոխանցվում, Բագրատ սրբազանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց․ «Հովանավորյալները ձերն են, ձերն են նույնիսկ ամենաանհայտ կերպերով։ Ապրիլից մինչև հունիս ամիս միայն մեկ ամսվա տվյալ ունենալով՝ միայն 50 միլիոն դոլար են ծախսել միայն տեղեկատվական սև արշավ անելու, իմ ու այս ամբողջ շարժման նկատմամբ։ Եթե սխալ են այս տվյալները, թող փաստեն, որ սխալ են։ Ինչքան պարգևավճարներ են տվել ոստիկաններին, դեռ դրանց մասին չեմ խոսում։ Եթե դա բյուջեով է պայմանավորված, թող ցույց տան, եթե ներքին հրահանգ է, թող ցույց տան։ Ձեր պատրոններն էլ գիտենք՝ ովքեր են, ձեր տերերն էլ՝ դժբախտաբար նրանց նշանը կիսալուսինն է, շատ դեպքերում նաև աստղով, կարմիր, կանաչ, կապույտ դրոշով կամ ընդհանրապես կարմիր դրոշով»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ այս պայքարում իրենք նյութական միջոցների տրամադրման կարիք ունեն, բայց կարևորը նաև մասնակցությունը ցույց տալն է՝ որպես պատկանելություն այս պայքարին․ «Հաշվեհամարն էլ գրված է, համացանցում կա, մեզ հսկայական գումարների անհրաժեշտություն չկա, փոքր գումարներ են, ոչ թե նյութական միջոցներ գեներացնելն է կարևոր, այլև պատկանելությունը։ Ոչ մեր անձնականի համար է, ոչ էլ որևէ մեկի»։
Բագրատ սրբազանն ասաց՝ նաև հոգեբանական պատերազմն է իրականացվում մարդկանց նկատմամբ, ճնշումներ ու հայտարարեց․ «Այսօր վախեցողը վաղը տասնապատիկը, հարյուրապատիկն է վճարելու դրա համար, հետևաբար մի կողմ թողեք վախի զգացումը, մի վախեցեք ոչ մի բանից, այս մարդիկ այդքան չկան, որ վախեցնեն ձեզ»։
Բագրատ սրբազանը, խոսելով խաղաղության ստրկության գնի մասին, ասաց․ «Բերքաբերում ադրբեջանցիները գնացել են, մերոնց հացահատիկի դաշտերը հավաքել, տարել են։ Մենք կհրապարակենք, թե ում դաշտերից են տարել։ Մարդիկ գնացել են ասելու՝ ինչ եք անում, ասել են՝ մերն է, տանում ենք։ Հիմա այդ գործընթացը տեղի է ունեցել Կիրանցում և շրջակայքում։ Սա է խաղաղության ստրկության գինը, որ սրանք անընդհատ քարոզում են, ստրուկ լինելով՝ խաղաղ ապրել։ Արդեն փաստացի դեռ ոչ մի բան չեղած՝ երևում է, թե ինչ է լինելու գալիքը, եթե մենք չհեռացրինք այս չարիքի իշխանությանը»։
Բագրատ սրբազանը տեղեկացրեց՝ առաջիկա չորեքշաբթի հանդիպումներ են ունենալու Դավթաշենում, հինգշաբթի՝ Աջափնյակում, օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, կանցկացվի երիտասարդական հավաք։
Բագրատ սրբազանը խոսեց ինքնամաքրվելու մասին ու ասաց․ «Ի՞նչ են գրելու մեր մասին՝ գրելու են՝ չոքած, կքած ստրկացած մարդիկ ու սերո՞ւնդ, թե հաղթանակած սերունդ։ Ի՞նչ են գրելու, որ մի ատլետիկ կազմվածքով մեկը եկավ, ատելություն մտցրեց մեր կյանք, հայրենիքը կտոր-կտոր հանձնեց, ու ժողովուրդը կանգնեց, ուրախացա՞վ։ Մեր զավակներին ի՞նչ ենք պատմելու մեր մասին։ Ասելու ենք՝ մենք ով էինք։ Սրա մասին մտածեք։ Ինքնամաքրվելու ճանապարհ էլ կա»։
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ