Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Կառավարությունը շարունակում է օգտագործել քաղցկեղածին ազբեստը․ ՊՆ-ն և ԱԱԾ-ն ազբոհերձաքարի գնումներ են կատարել Արամ Սարգսյանի ընկերությունից. «Հետք»

Օգոստոս 05,2024 21:33

Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել։ Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ:

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները, այդ թվում` ամենատարածված քրիզոթիլը, որակել է քաղցկեղածին: Իսկ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն ազբեստը մտցրել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավոր խմբի մեջ։

Ազբեստը մանրաթելային կառուցվածքով հրակայուն և թթվադիմացկուն հանքատեսակ է: Կիրառվում է ամենատարբեր բնագավառներում, առավել հաճախ՝ շինարարության և մեքենաշինության մեջ:

Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Պարզ ասած՝ ազբեստը ջերմության կամ արևի հետ շփվելիս քայքայվում է՝ ասեղիկներ է արձակում, որոնք ամրանում են շնչուղիներում, «բույն» դնում այնտեղ և քաղցկեղի առաջացման պատճառ դառնում։

Հայաստանում ազբոթիթեղների արտադրություն իրականացնում է «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում։ Ընկերության բաժենմասում  23 % մասնակցություն ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Մնացյալ բաժնեմասը ընկերության տնօրեն Տարոն Պետրոսյանի հարազատների անուններով է ձևակերպված։

Արամ Սարգսյանը եվրոպական կողմնորոշմամբ հասարակական գործիչ է և իր հարցազրույցներում քարոզում է եվրոպական չափանիշներ, խոսում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին։ Այդ նույն ԵՄ-ում արգելված է ազբեստի կիրառությունը։

«Կավաշեն» ՍՊԸ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մասնակցել է պետական գնումների և տարբեր պետական մարմինների ազբոթիթեղ վաճառել։

Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը «Կավաշեն» ՍՊԸ-ի հետ ազբոթիթեղի գնման 3 պայմանագիր է կնքել։ 2018թ․ հունիսի 1-ի պայմանագրով 4000 ազբոթիթեղ է գնել «Կավաշեն» ՍՊԸ-ից՝ վճարելով 11,4 մլն դրամ։

2019թ․ դեկտեմբերին ՊՆ-ն ընկերությունից ձեռք է բերել 1000 հատ ազբոթիթեղ՝ վճարելով 2 մլն 880 հազար դրամ։

2021թ․ փետրվարին նույն քանակով՝ 1000 հատ ազբոթիթեղ է ձեռք բերել՝ 2 մլն 890 հազար դրամ ընդհանուր արժեքով։

ՊՆ-ին խնդրեցինք պարզաբանել, թե որտեղ է օգտագործվել այդ ազբոթիթեղը։ ՊՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Տիգրան Ղարիբյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խորհրդային տարիներից ժառանգած  զինավաններում առկա որոշ շենք-շինությունների տանիքները ծածկված են ազբոթիթեղներով։ «Վերոնշյալ զինավանների շենք-շինությունների տանիքները մինչև պլանով նախատեսված ժամանակահատվածում կապիտալ վերանորոգմամբ մետաղական թիթեղներով փոխարինումը, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել ազբոթիթեղ վերջին անգամ 2021թ․-ին»։

2022թ․-ից մինչ օրս ՊՆ-ն ազբոթիթեղ ձեռք չի բերել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031