ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ օգոստոսի 5-ին այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ այսուհետ հանդես գալով «OVIO» ապրանքանիշով:
«OVIO»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։
Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։
Նախարարին է ներկայացվել 2024թ. մայիսին շահագործման հանձնված տվյալների մշակման կենտրոնը, որը ժամանակակից տեխնոլոգիաներով և միջազգային մակարդակի ենթակառուցվածքով գերժամանակակից կենտրոն է՝ իր տեսակի մեջ առաջինն ու ամենամեծը Հայաստանում։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին ուղղված բարեփոխումներին, մալուխների տեղադրման նորարարական լուծումների կիրառության հնարավորություններին: Ներկայացվել են նաև տելեկոմ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր, այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ դրանք նախարարության ուշադրության կենտրոնում են, և վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են:
«OVIO»-ն մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ