Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց մեղադրյալ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Նրա փաստաբանը միջնորդեց, որպեսզի նրա ցուցմունքը լրատվամիջոցները եթեր չհեռարձակեն։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը քննարկվելու է օգոստոսի 15-ին։ Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանը ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։ Սակայն հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Կարդացեք նաև
Ասլանյանի փաստաբանն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը կարող է վերացվել։
«Ինձ համար տարակուսելի է՝ որ 2 տարի 7 ամիս անազատության մեջ մնալուց ու 10 մլն դրամ գրավ վճարելուց հետո դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչի՞ նկատմամբ»,- «Առավոտի» հետ զրույցում այսօր ասաց Մամիկոն Ասլանյանը։
«Այսինքն՝ ես իմ 2 տարի 7 ամսվա նստածը պիտի չգնահատեմ ու խոչընդոտե՞մ դատական քննությանը։ Կամ 10 մլն գրավը իմ դեպքում, երբ ես որեւէ աշխատանք չունեմ, դա ինձ համար կողմնորոշի՞չ չէ, որ կարծում են՝ ես որեւէ կերպ գործին առնչվող հանգամանքներին կարող եմ խոչընդոտել։ Դրա համար մի քիչ տարակուսելի է դատախազության նմանատիպ ձեռագիրը, կարծես ավտոմատ ռեժիմով ամեն դեպքում բողոքարկում են՝ հաշվի չառնելով՝ դա խելքին մոտ է, մոտ չէ, արդար է, թե արդար չէ։ Ես ինչքանով նկատել եմ, փաստորեն դատախազությունն ամեն դեպքում բողոքարկում է։ Այսինքն՝ այստեղ կարեւոր չէ՝ դատարանի կայացրած վճիռը բավարարում է օրենքին, իրավունքին, թե՞ ընդհանուր տրամաբանությունից է բխել, միեւնույն է, դատախազությունն այդ ձեռագիրը չի փոխում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Նա նշեց, որ դեռ չի ուզում կանխատեսումներ անել, թե ինչ որոշում կարող է կայացնել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ