Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանը, կարծես, տվել է համաձայնություն՝ Բաքվում ստորագրելու ինչ-որ պայմանագրի նախափաստաթուղթ, որտեղ ֆիքսված են լինելու Հայաստանի կապիտուլյացիայի հերթական կետերը»

Օգոստոս 05,2024 19:20

Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության՝ օրերս արած հայտարարությանը, թե ի պատասխան հայտնի սպանությանը, չի բացառվում ամենամոտ ժամանակներին Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը, որը, կարծես, «խոստանում է» վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Տիկին Զոհրաբյանը նշեց. «Մենք առաջնայնորեն պետք է քննարկենք դրա հնարավոր հետեւանքը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի ուղղակի սահմանը, նաեւ նկատի առնելով, որ նիկոլյան Հայաստանը կտրուկ փոխել է «աշխարհաքաղաքական շպագատի» կուրսը եւ սրընթաց շարժվում է դեպի Արեւմուտք»:

Տիկին Զոհրաբյանը նաեւ հիշեցրեց Արեւմուտքի վերաբերմունքը Իրանի հանդեպ՝ ընդգծելով, որ կանխատեսելի է, թե ինչ կլինի, ինչ եռացող կաթսայի վրա կնստեն տարածաշրջանը եւ Հայաստանը այդ պատերազմի արդյունքում:

«Այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել օրեր առաջ Նիկոլի եւ Իրանի հոգեւոր առաջնորդի հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդը հատուկ շեշտեց Զանգեզուրի ճանապարհի վտանգավորությունը Հայաստանի համար՝ հասկացնելով թե Արեւմուտքին, թե Նիկոլ Փաշինյանին, որ եթե հայաստանյան այս ռեժիմը Արեւմուտքի ճնշման ներքո Զանգեզուրի միջանցք անվամբ ճանապարհը տա Ադրբեջանին, դա նշանակելու է, որ Հայաստանը եւս հայտնվելու է Իրանի ուղղակի թիրախի տակ:

Երբ որ խոսում ենք Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի մասին, ուզում եմ ցիտել Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից մեկի վերջին հրապարակումը, որտեղ գրված է, որ Հայաստանը ոչ միայն վերահսկողություն չպիտի ունենա Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, այլ ընդհանրապես Հայաստանը որեւէ ներկայություն չպիտի ունենա Զանգեզուրի միջանցքում: Այսինքն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ճանապարհային քարտեզում: Եվ պատահական չէ, որ Ռուբինյան-Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ հանդիպումից հետո թուրքական բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Թուրքիան կքննարկի Հայաստանի հետ սահմանի բացումը միայն հայ-ադրբեջանական բանակցություններում Ադրբեջանի օրակարգը սպասարկելուց հետո: Այսինքն, ադրբեջանական շահերի սպասարկումից հետո:

Եվ ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը պահանջում է ոչ միայն Զանգեզուրի միջանցք, այլեւ պարտադրում է, որ Հայաստանը ոչ միայն վերահսկողություն, այլեւ ներկայություն չունենա Զանգեզուրում: Իսկ սա նշանակում է, որ մենք ուղղակիորեն կորցնելու ենք Սյունիքը:

Սա այս ռեժիմի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է: Նիկոլ Փաշինյանը, կարծես, տվել է համաձայնություն՝ ստորագրելու  նոյեմբերին Բաքվում կլիմայի փոփոխության համաժողովում ինչ-որ խաղաղության պայմանագրի նախափաստաթուղթ, որտեղ ֆիքսված են լինելու Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի հերթական կետերը: Եվ տեսնում ենք նաեւ, որ հայկական կողմից չկա որեւէ նախապայման՝ Բաքվում COP-29-ի մասնակիցներին»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031