Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգարաններից զուրկ Գյումրին ու Թաթայի համերգի համար այս քաղաք այցելած մոտ 50 հազար հյուրերը․ քննարկում՝ զբոսաշրջության զարգացման շուրջ

Օգոստոս 05,2024 19:01

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Զբոսաշրջությունը Գյումրիում զարգանո՞ւմ, թե՞ անկում է ապրում» թեմայով քննարկման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ Գյումրիում զբոսաշրջության զարգացումը աղերսվում է մշակույթի հետ, զբոսաշրջությունն այս քաղաքում նախևառաջ մշակութային է, քանի որ այն ամենը, ինչ գրավում է զբոսաշրջիկին, մշակութային է։

Ըստ նրա, Գյումրիում կազմակերպված «Ֆեստիվառը» 50 հազարից ավելի հյուրի է բերել այս քաղաք։

«Մասնագետները և համապատասխան կառույցները 50 հազար և ավել թիվն են շրջանառում, ինչին հակված ենք հավատալ։ Եթե անգամ դա մի փոքր ամբիցիոզ թիվ է, ամեն դեպքում հեռու չէ բուն իրականությունից։ Եվ այն հանգամանքը, որ այդ օրերին չկային հյուրանոցային ազատ համարներ, չկային ազատ աթոռներ և սեղաններ ռեստորաններում, շատ բարդ էր քայլել քաղաքի փողոցներում և թանգարանների բակերում հերթեր էին գոյացած, պատմական միջուկում անթիվ-անհամար զբոսաշրջիկներ էին, ընդ որում աշխարհի տարբեր անկյուններից և լսում էինք ամենատարբեր լեզուներ, խոսում է այն մասին, որ այդ երկու օրը վստահաբար կայացած էր։

Ընդ որում այցելուները, ովքեր եկել էին  «Ֆեստիվառին» մասնակցելու համար, հուլիսի 28-ին՝  «Գյումրու օր» տոնակատարությանը ևս Գյումրիում էին։ Սա նշանակում է, որ իրենց հետաքրքրել են երկու օրերն էլ։ Հակված եմ մտածել, որ տարվա մեջ մեկ անգամ այսպիսի մեծածավալ միջոցառումը քիչ է Գյումրիի համար, պիտի մտածել տարվա մեջ մի քանի այսպիսի միջոցառում ունենալու մասին, թեև ամեն ինչ սկսվում է առաջինից»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

Քննարկմանը մասնակցող Գյումրու ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Վարդան Սրտաշյանն էլ կարծիք հայտնեց, որ զբոսաշրջության զարգացման միտումները ոչ թե պիտի գնահատեն քաղաքի կամ մարզի պաշտոնյաները, այլ հարկային մարմինները։

«Իմ համար ամենակարևոր ցուցիչը պետբյուջե մտած գումարների ավելացումը կամ պակասելն է։ Եթե Գյումրիի սպասարկման օբյեկտները սկսում են ավելի շատ հարկեր վճարել, իմ համար դա ցուցիչ է, որ Գյումրիում տուրիզմը գնում է զարգացման», -ասաց գործարարը։

Նա նշեց, որ իր ղեկավարած հյուրանոցի օրինակով կարող է ասել՝ զբոսաշրջության հոսքը նվազել է, թեև կատաստրոֆիկ իրավիճակ չէ։

Վարդան Սրտաշյանի համոզմամբ՝ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար որքան էլ մշակութային տոները կարևոր լինեն, ամենակարևորը ենթակառուցվածքների զարգացումն է։

«Բազմիցս այդ մասին բարձրաձայնել եմ թե՛ «Շիրակ» օդանավակայանի, թե Հյուսիս-հարավ ճանապարհի․ Գյումրիի տարանցիկ կետ դառնալու  պահով։ Լրատվամիջոցներով առաջարկել եմ Գյումրիի համար ներդնել City tax գաղափարը, որպեսզի հարկերը, որոնք մտնում են պետբյուջե, որոշակի առումով մտնեն նաև քաղաքապետարան, շահութահարկի 5-6 տոկոսը, որը մտնում է պետական բյուջե, դրա 2 տոկոսը գնա քաղաքապետարանի բյուջե, և քաղաքապետարանն ավելի շահագրգռված լինի Գյումրիում տուրիզմը զարգացնելու։

Քննարկման բանախոսներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ որպես խիստ նախնական տեղեկատվություն՝ հայտնեց, որ քննարկվում է համայնքներում գոյացող եկամտահարկից որոշակի մասնաբաժին  համայնքային բյուջե փոխանցելու հարցը, այդ դեպքում համայնքը շահագրգռված կլինի նոր աշխատատեղեր բացելու, թեև, ըստ պատգամավորի, անկախ դրանից՝ համայնքապետարանը պիտի մտածի նոր աշխատատեղեր ստեղծելու մասին։

Քննարկման ժամանակ խոսվեց  նաև Գյումրիի՝ հասարակական զուգարաններից զուրկ լինելու մասին։

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասաց՝ չունի այդ հարցի պատասխանը, ման է եկել պատասխան ու չի գտել։  Նա ասաց, որ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ փորձել են նախագիծ ստեղծել, որոշել են նույնիսկ տեղերը, թե որտեղ կարելի է սանհանգույցներ անցկացնել, և դրանք սոսկ զուգարաններ չպիտի լինեին, այլ զբոսաշրջիկին հնարավորություն էին տալու ծանոթանալու նաև քաղաքի տեսարժան վայրերին, հյուրանոցներին, նույնիսկ բանկոմատների տեղերն էին ի ցույց դնելու։ Իսկ թե ինչու իրականություն չդարձավ, պատգամավորն ասաց՝ չեմ կարող պատասխանել։

Նշենք՝ զբոսավարներն անընդմեջ բարձրաձայնում են, որ զբոսաշրջիկներին հյուրընկալելիս՝ ստիպված են թակել թանգարանների, ռեստորանների, վարսավիրանոցների դռները, որպեսզի օգտվեն նրանց զուգարաններից, շատ դեպքերում մերժում են ստանում, իսկ նման ձևով զբոսաշրջությունը զարգացնելն ուղղակի անհնար է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031